Մասնագիտական պրակտիկայի մեկնարկը՝ «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում

 

2019թ.նոյեմբերի 4-ից «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում մեկնարկեց 2-ամսյա մասնագիտական վճարովի պրակտիկա՝ հայաստանյան  բուհերում ուսանող 15 սիրիահայ երիտասարդների համար։ Ծրագիրն իրականացվում է «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) կողմից՝ ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:

Երիտասարդներն ընտրվել են համալսարանում իրենց առաջադիմության, ակտիվության և նախաձեռնողականության, ծրագրերի իմացության և մոտիվացիոն նամակների հիման վրա։ Մասնակիցները հանդիսանում են ՀՀ պետհամալսարանների Տնտեսագիտություն և կառավարում, Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Ճարտարապետություն և դիզայն, Հաղորդակցություն, Ստոմատոլոգիա, Միջազգային հարաբերություններ, Ծրագրային ճարտարագիտություն ֆակուլտետների ուսանողներ: Մասնագիտական պրակտիկայի հիմնական նպատակն է կատարելագործել բուհերի ուսանողների և նորավարտ երիտասարդների հմտություններն ու կարողությունները, ընդլայնել գիտելիքներն իրենց մասնագիտական ոլորտում, հնարավորություն տալ ձեռք բերել աշխատանքային փորձ, ինչպես նաև ծանոթանալ աշխատանքային միջավայրին:

«ՀԱԼԵՊ»ՀԿ-ի հետ ձեռքբերված պայմանավորվածության արդյունքում երիտասարդներն իրենց մասնագիտական պրակտիկան անցնում են Ակբա Կրեդիտ Ագրիկոլ և Կոնվերս բանկերում, «Դիջիլաբ» ընկերությունում, Աշն Փրոջեքթս և Արխանգել ճարտարապետական ստուդիաներում, Երևանի ստոմատոլոգիական կենտրոններից մեկում, «ՀԱԼԵՊ» ՀԿ-ում, Բիզնես էնջելս նեթուորք և Գլոբալ Ար ՏՏ ընկերություններում։

Ծրագիրը վերջին մեկ ու կես տարում առավել քան 280 սիրիահայ և տեղաբնակ երիտասարդների հնարավորություն է ընձեռել զարգացնել իրենց  նեղմասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, բարձրացնել աշխատունակությունը, և մասնակցել երիտասարդական տարբեր ոլորտներին վերաբերող միջոցառումների և հանդիպումների:

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից և իրականացվում «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչի նպատակն է բարելավվել սիրիահայ երիտասարդների հմտություններն ու մրցունակությունը հայաստանյան աշխատաշուկայում և հնարավորություն տալ՝ հասնելու իրենց աշխատանքային նպատակներին: