Մասնագիտական վճարովի պրակտիկայի մեկնարկը «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում

2020թ. հուլիսի 01-ից «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում մեկնարկեց 3-5-ամսյա մասնագիտական վճարովի պրակտիկա՝ հայաստանյան  բուհերում սովորող 3-րդ և բարձր կուրսերի ուսանողների, ինչպես նաև վերջին մեկուկես տարվա շրջանավարտ հանդիսացող՝ 21 սիրիահայ, պարսկահայ և տեղացի երիտասարդների մասնակցությամբ։

Ծրագիրն իրականացվում է «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) կողմից՝ ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:

Ինթերնշիփային ծրագրին էին դիմել 46 սիրիահայ և տեղացի երիտասարդներ, որոնց միջև ընտրությունը կատարվել է առաջադիմության, ակտիվության և նախաձեռնողականության, մասնագիտական ծրագրերի իմացության և մոտիվացիոն նամակների հիման վրա։ 2-րդ փուլով դիմորդներն անցել են հարցազրույց՝ համապատասխան կառույցների կողմից:

Մասնակիցները հանդիսանում են ՀՀ պետհամալսարանների՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Ճարտարապետություն և դիզայն, Անգլերեն լեզու և հաղորդակցություն, Ստոմատոլոգիա, Ընդհանուր բժշկություն, Դեղագիտություն, Քաղաքագիտություն/ միջազգային հարաբերություններ, Ծրագրային ճարտարագիտություն, Բիզնես կառավարում ֆակուլտետների ուսանողներ և շրջանավարտներ:

Մասնագիտական պրակտիկայի նպատակն է ուսանողների  և շրջանավարտների մասնագիտական կարողությունների զարգացումը, մասնագիտական դասընթացներից ստացած տեսական գիտելիքների կիրառումը և մասնագիտական ակտիվ գործունեության ծավալումը՝ արտադրական և գիտահետազոտական ծրագրերում: Համապատասխան «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի ինթերնշիփային բաղադրիչի դրույթներին, մասնակիցներն իրենց պրակտիկային տրամադրելու են շաբաթական 15-20 ժամ զբաղվածություն, որի համար ամսական ստանալու են համապատասխան վարձատրություն ծրագրի շրջանակներում:

Ծրագրի շնորհիվ երիտասարդները ձեռք կբերեն մասնագիտական աշխատանքային փորձ, նոր հմտություններ, որոնք էլ հիմք են դառնալու մասնագիտական աշխատանքի տեղավորմանը:

Երիտասարդներն իրենց մասնագիտական պրակտիկան անցնում են պետական և մասնավոր հետևյալ կառույցներում՝

  • ՀՀ Վարչապետի Աշխատակազմ;
  • Պրոֆ. Յոլյանի անվան արյունաբական կենտրոն,
  • Ուիզ Քոդ Ակադեմիա;
  • Ուայքաստր ՍՊԸ ընկերություն;
  • Անտարես Հոլդինգ;
  • ԴՈՄԻՆՈ փրոդաքշն;
  • ԻՔՍ-ԹԵՔ;
  • ԱՅ ԹԻ ԷՅՋ ԴԻ;
  • Ուրբան Յունիթ, Ստորակետ, Ալ Համրա ճարտարապետական ստուդիաներ;
  • Համալսարանական ստոմատոլոգիական կլինիկա;
  • Ֆարմասիր;
  • և այլն:

«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից և իրականացվում «ՀԱԼԵՊ» ՀԿի հետ համագործակցությամբ: Ծրագրի կարողությունների զարգացման և ինթերնշիփային բաղադրիչի նպատակն է բարելավվել սիրիահայ, իրաքահայ, փախստական այլ երիտասարդների, ինչպես նաև  տեղացի երիտասարդների հմտություններն ու մրցունակությունը հայաստանյան աշխատաշուկայում՝ հնարավորություն տալով հասնելու իրենց աշխատանքային նպատակներին: