Մասնագիտությամբ ծրագրավորող. Մեղրիկ Ճանէցեան

Ձեզ ենք ներկայացնում «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի՝ ինթերնշիփի մեր հաջորդ մասնակից Մեղրիկ Ճանէցեանին…


Ես Մեղրիկ Ճանէցեանն եմ, Սիրիայի Հալեպ քաղաքից: Նախքան Հայաստան գալս, սովորել եմ Սիրիայում՝ Էլեկտրոնային ճարտարագիտություն մասնագիտացմամբ:

Պատերազմի պատճառով դադարեցրեցի ուսումս և ընտանիքիս հետ որոշեցինք տեղափոխվել Հայաստան, որտեղ վստահ էի, որ պիտի գտնեմ հանգիստ և շարունակեմ կիսատ թողած ուսումս: 2016թ. սեպտեմբերին ընդունվեցի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» ֆակուլտետի 2-րդ կուրս: Ընտրեցի այս մասնագիտությունը՝ հաշվի առնելով ՏՏ ոլորտի արդիականությունը և աշխատանքային հնարավորությունները, որոնք օր օրի ավելանում են:
Ուսումնական տարիների ընթացքում յուրացրեցի C# ծրագրավորումը, տիրապետում եմ նաև  HTML, JavaScript, WordPress ծրագրերին՝ մասնակցելով «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության կողմից կազմակերպված դասընթացներին, որոնք բարելավեցին մասնագիտական գիտելիքներս:

2019թ. ավարտելով բակալավրը՝ որոշեցի զբաղվել մասնագիտական աշխատանքային գործունեությամբ և որպես սկսնակ ծրագրավորող ցանկություն ունեի սկսել պրակտիկայից՝ առավել հմուտ դառնալու համար: Առաջին քայլերս անելու համար դիմեցի «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի մասնագիտական պրակտիկային: Անցնելով հարցազրույց և մի քանի հանձնարարություններ կատարելուց հետո՝ պրակտիկայի անցա «Այ Թի Էյջ Դի» ՍՊԸ-ում՝ որպես Front End ծրագրավորող:
 
Պրակտիկայի ընթացքում կիրառում եմ մասնագիտական գրեթե բոլոր գիտելիքներս և մասնագիտական ծրագրերը, օրեցօր դառնում եմ առավել հմուտ և ինքնավստահ իմ աշխատանքում՝ ձեռք բերելով նաև թիմային աշխատանքի հմտություններ: Շնորհակալություն եմ հայտնում այս ծրագրին՝ երիտասարդներին նման հնարավորություն ընձեռելու և դեպի հաջողակ կարիերա  ուղղորդելու համար:

«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի` վճարովի պրակտիկայի բաղադրիչը նպատակասլաց երիտասարդներին հնարավորություն է տալիս ընդգրկվել ՀՀ պետական և մասնավոր ամենահեղինակավոր կառույցների առաքելության և գործունեության մեջ՝ ճանապարհ հարթելով դեպի հաջողակ կարիերա: Վճարովի պրակտիկայի բաղադրիչի միջոցով ուսանողները և շրջանավարտները բարելավում են իրենց հմտությունները՝ աշխատելով տարաբնույթ միջավայրերում և ձեռք բերում մասնագիտական փորձ`կողք կողքի աշխատելով փորձառու մասնագետների հետ:

«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի մեկնարկը տրվել է 2020թ. փետրվարի 1-ին: