Մարդասեր կատալոնացի ծաղրածուն սիրիահայ մանուկներին ժպիտներ է պարգևում

2018 թվականի մայիսի 19-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմաակերպությունը («ՀԱԼԵՊ» ՀԿ) հյուրընկալեց Օսկար անունով կատալոնացի մարդասեր ծաղրածուին, ով հանդիպեց մանկապատանեկան հանդիպումների շրջանակներում կազմակերպություն այցելող սիրիահայ մանուկներին:

Օսկարը տարիներ շարունակ ճամփորդում է այն երկրներով, որտեղ կան պատերազմի հետևանքով տեղահանված երեխաներ ու նրանց պարգևում է ժպիտ:

Հայաստան նրան բերել էր սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում հաստատված երեխաներին ուրախացնելու ցանկությունը:

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ում հանդես գալով ներկայացմամբ՝ նա երեխաներին մասնակից դարձրեց հետաքրքրաշարժ խաղերի, որոնք իրենց առանցքում ունեին խաղաղության, բարության և մարդասիրության գաղափարները:

Խաղերից մեկում ծաղրածու Օսկարը երեխաներին տեղեկացրեց, որ իր ձեռքի տուփում թաքնված է «աշխարհի հզորությունը»: Երբ երեխաները վազեցին բացելու այդ տուփը ու տեսնելու թաքնված հզորությունը, այնտեղ ոչինչ չգտան: Երբ դարձան մարդասեր ծաղրածուին, նա նրանց ասեց. «Դուք կարիք չունեք աշխարհի ամենամեծ հզորությունը փնտրելու որևէ տուփում, քանզի այն որևէ տեղ թաքնված չէ, այլ այն ապրում է հենց ձեր մեջ, ձեր սրտում: Ամեն մեկդ ձեր սրտում ունեք հզորություն, որով կարող եք բարին արարել ու աշխարհին նվիրել այն խաղաղությունը, որը ցանկանում եք տեսնել ձեր շուրջը»:

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ն իր գործունեության շրջանակում մշտապես ուշադրություն է դարձնում նաև սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում գտնվող մանուկների ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպմանը և իրականցնում մի շարք ծրագրեր, որոնցից է ամենշաբաթյա մանկապատանեկան հավաքների կազմակերպումը: Այսօր ուրախ ենք կազմակերպությունում հյուրընկալել կատալոնացի մարդասեր ծաղրածուին, ով իր արվեստի միջոցով հակամարտության միջով անցած երեխաներին ոչ միայն պարգևում է ուրախություն, այլև սովորեցնում է կրել համամարդկային արժեքներ, ինչպիսիք են բարությունը, ազնվությունը, խաղաղասիրությունն ու մարդասիրությունը», նշում է «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի փոխնախագահ Հայասա Թահմազյանը:

Ներկայացման շրջանակում սիրիահայ մանուկները նաև պատկերեցին իրենց երազանքները սպիտակ թղթերի վրա և դրանք նվիրեցին մարդասեր ծաղրածուին, որպեսզի նա նկարները փոխանցի այն երեխաներին, որոնց նա տեսնելու է իր հաջորդ ճամփորդությունների ընթացքում: Իսկ փոխարենը ստացան այն նկարները, որոնք պատկերվել էին աշխարհի տարբեր ծայրերում բնակվող իրենց հասակակիցների կողմից:

Ներկայացման ավարտին կատալոնացի մարդասեր ծաղրածուն որպես հուշ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ին հանձնեց իր ստորագրությամբ վերնաշապիկը:

Ներկայացմանը ներկա էին «ՀԱԼԷՊ» ՀԿ-ի մանկապատանեկան հավաքների համակարգողները, ուսուցիչները, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և «Առաքելություն Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչները: