Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Շահան Արքեպիսկոպոս Սարգսյանի այցը «Ալեպպօ Քուիզին» կենտրոն

2018 թվականի հոկտեմբերի 2-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի գործունեության հինգ-ամյակի նախօրյակին՝ կազմակերպության կողմից  հիմնադրված «Ալեպպօ Քուիզին» կենտրոնը պատիվ ունեցավ իր հարկի տակ հյուրընկալելու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Շահան Արքեպիսկոպոս Սարգսյանին։

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ի ողջույնի խոսքը ներկաներին փոխանցեց կազմակերպության հիմնադիր անդամ, փոխնախագահ Ծովիկ Պայթարյանը։ Նա ներկայացնելով կազմակերպության հինգ տարիների գործունեությունը՝ ներկաներին երախտագիտություն հայտնեց «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի կողքին լինելու և կազմակերպության աշխատանքներին ցուցաբերված աջակցության համար։

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Շահան Արքեպիսկոպոս Սարգսյանն իր օրհնությունը բերելով նոր հիմնադրված կենտրոնին՝ նշեց. «Կգնահատեմ բոլորիդ այս աշխատանքը։ Խոսքն այնքան կարևորություն չունի, որքան երկնատու շնորհքը, որ երկինքէն կիջնե և կհզորացնէ մեզ, կհզորացնէ հավատքով, կհզորացնէ կամքով և կհզորացնէ մեր ծրագիրները իրականացնելու ընթացքին, որուն արդյունքը այս հինգ տարին է։ Այս հինգ տարիներու ընթացքին եղել է ոչ թե ծույլերի այլ աշխատող, աշխատունակ և նախաձեռնող հավաքականություն։ Որպես Սուրիացի քաղաքացի և հայ կուզեմ ասել, որ Հայաստանի մեջ սիրիահայերի ներկայությունը նոր որակ մը տվավ այստեղի ժողովրդին իրենց բոլոր արժանիքներով ու առավելություններով հանդերձ նոր շունչ մը, նոր որակ մը և նոր ընթացք մը տրվեցավ։ Աստված օրհնէ Ձեզ, Աստված պահէ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, Աստված պահէ և խաղաղություն վերահաստատի Սուրիո և Հալեպին»։

«Ալեպպօ Քուիզին» կենտրոնի օրհնության արարողությանը ներկա էին նաև ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմ և հյուպատոս Բաշար Սաֆեին։

ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը հանդես գալով ողջույնի խոսքով՝ քաջալերեց «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հինգ տարիների գործունեությունը և կարևորեց «Ալեպպօ Քուիզին» կենտրոնի ստեղծումը, որի նպատակն է օժանդակել սիրիահայ համայնքի, մասնավորապես կանանց և հատուկ կարիքներ ունեցող անձանց զբաղվածության խնդրի լուծմանը։

Պատվավոր հյուրերին «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի  ողջույնի խոսքն արաբերեն լեզվով փոխանցեց կազմակերպության տիկնանց խորհրդի անդամ Թանիա Տեր-Պողոսյանը։

Պաշտոնական մասի ավարտից հետո հանդիսավոր կերպով կտրվեց խորհրդանշական տորթը, որը նվիրված էր «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գործունեության հինգ տարիներին։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը, որի գործունեությունն ամբողջովին ուղղված է Հայաստանում ապաստանած սիրիահայ համայնքի խնդիրների վերհանմանն ու համապատասխան լուծումներ գտնելուն՝ 2017 թվականից իր աշխատանքներն ուղղել է Հայաստանում սիրիահայերի զբաղվածության խնդրի լուծմանը՝ նախաձեռնելով և մեկնարկ տալով «Ալեպպo Քուիզին» կենտրոն սոցիալական ծրագրին։

Նկատի ունենալով սիրիահայերի, մասնավորապես սիրիահայ կանանց շրջանում առկա գործազրկության բարձր մակարդակը և հաշվի առնելով նրանց հիմնական կարողություններից խոհարարական հմտությունների տիրապետումը՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը հիմնում է «Ալեպպօ Քուիզին» կենտրոնը, որը նպատակ ունի աշխատատեղեր ստեղծել սիրիահայ կանանց համար և նպաստել Հայաստանում նրանց տնտեսական ու սոցիալական զարգացմանը:

«Ալեպպօ Քուիզին» կենտրոնի հիմնումը նպատակ ունի նաև խթանել հատուկ կարիքներ ունեցող սիրիահայերի ներգրավումը քաղաքացիական կյանքում:

Ծրագրի շահառուներն են գործազուրկ և հատուկ կարիքներ ունեցող սիրիահայերը։

«Ալեպպօ Քուիզին» կենտրոնի ստեղծումը կարևորում է այն գաղափարը, որ խոհանոցի գործունեությունից գոյացած շահույթը ծառայելու է սիրիական հակամարտության հետևանքով փախստական դարձած և Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար նոր աշխատատեղեր հիմնելուն և սիրիահայ ընտանիքներին մարդասիրական օգնություն տրամադրելուն։