Մեծ մարդասերները հյուրընկալվեցին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում

2018 թվականի փետրվարի 7-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ը հյուրընկալել էր պատվավոր հյուրերի Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Շվեցարիայից: Իրենց այցելությամբ կազմակերպությունը պատվել էին ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի Սբ. Գևորգ հայ առաքելական եկեղեցու ծխական խորհուրդի ներկայացուցիչ, բարերար Վրէժ Քոլանճեանը, ում անձնուրաց ջանքերի շնորհիվ պատերազմական գոտում գտնվող ավելի քան 250 սիրիահայ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Փրկէ կեանք մը» ծրագրի շրջանակում ստացավ մեկ ուղղությամբ ինքնաթիռի անվճար տոմս Սիրիայից դեպի Հայաստան, տիկին Քրիստին Քոլանճեանը, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի խորհուրդի անդամներ, հայ ժողովրդի բարեկամներ Ժան-Ֆրանսուա Դյուշոզալը և Միշել Ժնուը: Վերջիններս Հայաստան էին այցելել Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակության հետ և նախօրեին պարգևատրվել էին ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո հայ ժողովրդին ցուցաբերած բացառիկ աջակցության համար:

Այցելության ժամանակ հյուրերը կազմակերպության հիմնադիր նախագահ Անի Բալխյանի ուղեկցությամբ ծանոթացան «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործունեությանը և ընթացիկ ծրագրերին, որոնցից մեկն էլ «Արևիկ-Հայաստան» հատուկ կարիքներ ունեցող սիրիահայերի կենտրոնն է:

Հյուրերը ծանոթացան «Արևիկ-Հայաստանի» կենտրոնի սիրիահայ անձնակազմին, սաներին և տարվող աշխատանքներին, ինչպես նաև վայելեցին «Արևիկ-Հայաստանի» սաների կատարմամբ երաժշտական կատարումը:

Որպես երախտագիտություն «Արևիկ-Հայաստան» կենտրոնի աշխատանքներին ցուցաբերած ուշադրության համար՝ կենտրոնի սաները պատվավոր հյուրերին նվիրեցին իրենց կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքները, որն ուղեկցվեց ջերմ գրկախառնություններով` ի նշան «Արևիկ-Հայաստան»-ի ընտանիք ընդգրկվելու:

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» կենտրոնն անվճար հիմունքներով ներառական կրթություն է տրամադրում Հայաստանում ապաստան գտած մտավոր և ֆիզիկապես հաշմանդամության խնդիրներ ունեցող սիրիահայերին՝ նպատակ ունենալով դյուրացնել նրանց առօրյան և աջակցել նրանց ներգրավվածությանը հասարակական կյանքում:

«Արևիկ-Հայաստան» կենտրոնը գործում է ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից:

«Արևիկ-Հայաստան» կենտրոնի սաներն անվճար ստանում են հոգեբանական աջակցություն և մասնակցում են հատուկ ուսուցողական դասընթացների, ինչպիսիք են մաթեմատիկայի, նկարչության, երաժշտական, ֆիզիկական դաստիարակության, թատրոն-թերապիայի, խոսքի զարգացման և ձեռագործ աշխատանքների պատրաստման դասընթացները: Վերոհիշյալ դասընթացներն իրականացվում են մի խումբ նվիրյալ սիրիահայ ուսուցիչների կողմից: