Մեծ Պահքի հոգևոր զրույցն ու ուտեստները մեկ վայրում

2018 թվականին՝ իր գործունեության հինգերորդ տարում, «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ը («ՀԱԼԵՊ» ՀԿ) տեղահանված սիրիահայերին աջակցություն ցուցաբերող ծրագրերի շրջանակում հիմնադրեց «Ալեպպո Քուիզին» կենտրոնը։

Նկատի ունենալով սիրիահայերի, մասնավորապես սիրիահայ կանանց շրջանում առկա գործազրկության բարձր մակարդակը և հաշվի առնելով նրանց հիմնական կարողություններից խոհարարական հմտությունների տիրապետումը՝ «Ալեպպո Քուիզին» կենտրոնն աշխատատեղեր է ստեղծում սիրիահայ կանանց համար և նպաստում Հայաստանում նրանց տնտեսական ու սոցիալական զարգացմանը:

Կենտրոնի գործունեությունից գոյացած շահույթը ծառայում է ոչ միայն կենտրոնում աշխատող սիրիահայ կանանց կայուն եկամուտ ապահովելուն, այլև՝ խոցելի կարգավիճակում գտնվող սիրիահայ ընտանիքներին մարդասիրական օգնություն տրամադրելուն։

Կենտրոնի գործունեությունը, բացի մարդասիրական ոլորտն ընդգրկելուց, խրախուսում է նաև Արևմտյան Հայաստանի խոհանոցի ավանդույթների պահպանումը։ Մեծ Պահքի շրջանում հանդես գալով նախաձեռնությամբ՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ն Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ տնակ է տեղադրել Հյուսիսային պողոտայում՝ նպաստելով հանրության շրջանում Մեծ Պահքի ուտեստների տարածմանը։

2019 թվականի մարտի 22-ին Մեծ Պահքի ուտեստների բարեգործական վաճառք իրականացնող «Ալեպպո Քուիզին»-ի տնակը հյուրընկալել էր  Արարատյան Հայրապետական Թեմի Մրգավան գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարգև քահանա Պալգևորգյանին։

Տեր Հայրն իր օրհնությունը բերելով «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի բարեսիրական աշխատանքներին՝ վարեց Մեծ Պահքի հոգևոր զրույց ներկաների հետ։

«Այս անցավոր աշխարհի մեջ ինչ բարիք էլ գործենք մարդիկ կարող է մոռանան, բայց Աստված՝ երբեք։ Աստված մեզ դրա տասնապատիկը կհատուցի ոչ թե միայն երկրի վրա, այլև երկնքի արքայության մեջ։ Այս բարեգործական վաճառքը Մեծ Պահքի շրջանում իր կարևոր դերակատարությունն ունի, քանզի մենք այսպիսով ժողովրդին սովորեցնում ենք Պահքի ընթացքում վարվեցողությամբ ապրել, քանի որ վարվեցողությունը պարզապես ուտելիքից հեռու մնալը չէ, այլ Աստծուն մոտենալն է», – իր խոսքում նշեց Տեր Հայրը։

Տեր Հոր զրույցի շնորհիվ ներկաներին առավել հասու դարձավ Մեծ Պահքի խորհուրդը։ Ներկաները հնարավորություն ունեցան նաև իրենց հուզող հարցերն ուղղել քահանային։

 «Պահքի շրջանում եկեք ապրենք ժուժկալ կյանքով, որպեսզի Աստծո օրհնությունը միշտ մեզ հետ լինի, որպեսզի մենք կարողանանաք մեր կյանքի ընթացքում մեր ունեցած կարողությունների սահմանում օգնենք կարիքավորին», – այսպես իր զրույցն ավարտեց Տեր Հայրը։

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում Երևանի քաղաքապետարանին, Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանին և Արարատյան Հայրապետական Թեմին կազմակերպության մարդասիրական գործունեությունն ուշադրության արժանացնելու և բարեգործական նախաձեռնությանը զորավիգ կանգնելու համար։

Հիշեցնենք՝ «Ալեպպո Քուիզին» սոցիալական կենտրոնի Մեծ Պահքի ուտեստներին բարեգործական վաճառք իրականացնող տնակը, որը տեղադրված է Հյուսիսային պողոտայում, բաց է լինելու մինչև ս/թ. ապրիլի 21-ը։ Բարեգործական վաճառքի շահույթը ուղղվելու է խոցելի ընտանիքների կարիքների արձագանքմանը։