Մեկնարկեց գործարար անգլերենի դասընթացները տեղահանված անձանց և տեղաբնակների համար

2018 թվականի փետրվարի 6-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ում տրվեց պաշտոնական մեկնարկը ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացվող «Yerevan MOOC Camp Coursera for refugees» ծրագրի։

Կրթական ծրագրի նպատակն է օժանդակել ՀՀ-ում գտնվող սիրիահայերի, այլ տեղահանված անձանց, ինչպես նաև տեղաբնակների գործարար անգլերենի իմացության բարելավմանը և նպաստել նրանց սոցիալ-տնտեսական ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում։

Դասընթացների թվով վաթսունվեց մասնակիցները մասնակցելու են գործարար անգլերենի (Basic Business English, Business English and English for Business and Entrepreneurship) անվճար առցանց դասընթացներին, որոնք իրականացվելու են աշխարհի լավագույն համալսարանների կողմից Coursera առցանց կրթական համակարգում։ Դասընթացների ավարտին մասնակիցներին տրվելու է վկայական, որի ծախսերը նույնպես հոգալու է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

Ծրագրի պաշտոնական մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի փոխնախագահ, ծրագրի համակարգող Հայասա Թահմազյանը, ԱՄՆ դեսպանատան քաղաքական գծով պատասխանատու Սոմեր Բրայերսը և ԱՄՆ մշակութային կցորդ Դիանա Սիթը։ Վերջիններս ծրագրի մասնակիցներին ներկայացրեցին «Yerevan MOOC Camp Coursera for refugees» ծրագիրը, շեշտադրում կատարեցին ծրագրի օգտակարությանը, առցանց հարթակում ուսուցման մարտահրավերներին և քաջալերեցին ծրագրի մասնակիցների արդյունավետ մասնակցությունը դասընթացներին։

ՙՄասնակցելով գործարար անգլերենի անվճար առցանց դասընթացներին՝ սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայերը, ինչպես նաև տեղաբնակները կարճ ժամանակահատվածում ծանոթանալու են գործարար հաղորդակցության անգլերենին, ինչն իր հերթին նպաստելու է նոր աշխատանքային հնարավորություններ ձեռքբերելուն ու միջազգային հարթակում արդյունավետ գործարար գործունեություն իրականացնելուն՚, նշում է Հ. Թահմազյանը:

Ծրագրի ողջ ընթացքում մասնակիցների կողքին լինելու են ուսուցիչ-օգնականներ Ավետիս Ափոշյանը, Վարդուհի Կոմջյանը և Հայկ Չալյանը, ովքեր հանդիպումներ ունենալով մասնակիցների հետ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում՝ օգնելու են նրանց ընդգրկվել առցանց դասընթացներում և աջակցելու են դասապատրաստմանը:

Ուսուցիչ-օգնականները նույնպես ողջունեցին մասնակիցներին ծրագրում ընդգրկվելու կապակցությամբ և ներկայացրեցին դասընթացները, որոնցում նրանք ցուցաբերելու են օգնություն:

Հարկ է նշել, որ ծրագրի ողջ ընթացքում մասնակիցները կարող են առցանց դասընթացներին մասնակցել նաև «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գրասենյակից, ինչպես նաև կազմակերպել տարատեսակ թեմատիկ քննարկումներ, որոնք իրենց նպաստը կունենան արդյունավետ ուսումնառության գործում: