Մեկնարկեց ռոբոտաշինության ամառային ճամբարը՝ Հայաստանում ապաստանած խոցելի փախստական երիտասարդների համար

2019 թվականի հուլիսի 25-ից օգոստոսի 3-ը Վարդենիս ԵՄՔԱ-ում կազմակերպվում է ճամբար «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) կողմից՝ Հայաստանում ապաստանած խոցելի փախստական երիտասարդների համար։ 

Ռոբոտաշինության ճամբարը կազմակերպվում է «Աջակցություն խոցելի սիրիահայ  երիտասարդներին և նրանց խնամակալներին» ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ Պետքարտուղարության Բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոյի փախստականների համար նախատեսված «Ջուլիա Թաֆթ» հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Ռոբոտաշինության ամառային ճամբարը մեկնարկեց հուլիսի 25-ին՝ Սիրիայից, Աֆղանստանից, Թուրքիայից և Իրաքից Հայաստան տեղափոխված 25 երիտասարդների մասնակցությամբ։

Ծրագրի նպատակն է կազմակերպել ամառային կրթական ճամբար՝ ծանոթացնելու փախստական պատանիներին և երիտասարդներին ռոբոտաշինությանը և տեղեկատվական տեխնոլոգիաներին, ստեղծելու համապատասխան հարթակ՝ 21-րդ դարի տեխնոլոգիաների նկատմամբ իրենց հետաքրքրությունները բացահայտելու և հետագայում տվյալ ոլորտին առավել ինտեգրվելու համար։

Դասընթացի շրջանակներում նախատեսվում են մի շարք քննարկումներ, սեմինարներ, խմբային խաղեր, մշակութային և կրթական ծրագրեր՝ ջերմ մթնոլորտ և փախստական պատանիների միջև ամուր կապեր ստեղծելու համար։

«Աջակցություն խոցելի սիրահայ երիտասարդներին և նրանց խնամակալներին» ծրագրի նպատակն է խորհրդատվական դասընթացների միջոցով վերապատրաստել խնամակալներին լավագույնս հաղթահարելու խնամակալ կամ միայնակ ծնող լինելու մարտահրավերները։ Ծրագիրը մշակվել է խնամակալներին հայաստանյան աշխատաշուկայում առավել աշխատունակ դարձնելու համար, որպեսզի վերջիններս կարողանան ձեռք բերել իրենց համապատասխան աշխատանք և ընդլայնեն իրենց աշխատանքային հնարավորությունները Հայաստանում։