Մենթորությունը նպաստում է սիրիահայ կանանց ակտիվ քաղաքացիական մասնակցությանը

2018 թվականի դեկտեմբերի 6-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի («ՀԱԼԵՊ» ՀԿ) «Տեղահանված կանայք որպես փոփոխություն նախաձեռնողներ» ծրագրի շրջանակում մասնակից սիրիահայ կանանցից կազմված խումբը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանի հետ։

«Տեղահանված կանայք որպես փոփոխություն նախաձեռնողներ» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, նպատակ ունի խթանել սիրիահայ կանանց ակտիվ մասնակցությունը հայաստանյան քաղաքացիական կյանքում:

Ծրագրի շրջանակում քսանչորս սիրիահայ կանայք մասնակցել են մի շարք դասընթացների, որոնց շնորհիվ ձեռք են բերել համապատասխան գիտելիքներ և հմտություններ հասարակական գործունեությունում ակտիվ ներգրավվելու համար։

Հաջորդ փուլը, որը ներառում է մենթորություն և քոուչինգ/ուղղորդում բաժինը, դասընթացի մասնակից կանանց հնարավորություն է ընձեռում հանդիպումներ ունենալ հասարակական և մարդասիրական ոլորտում կայացած կանանց հետ, ովքեր իրենց տարիների կուտակված լավագույն փորձը կիսելով սիրիահայ կանանց հետ՝ օգնում են նրանց ակտիվ մասնակցությանը քաղաքացիական կյանքում։

Տիկին Հայրապետյանը, ով ծրագրի շրջանակում հանդես է գալիս որպես մենթոր, իր խոսքում նշեց՝ «Սիրիայից Հայաստան տեղափոխված անձանց լուման մեծ է Հայաստանի զարգացման, միջանձնային հարաբերությունների կառուցման, վարքագծի, աշխատասիրության, կանանց և տղամարդկանց միջև փոխըմբռման և հավասարության, իրար նկատմամբ ունեցած հարգանքի և շատ ու շատ համամարդկային արժեքների տարածման հարցում։ Մենք պատրաստ ենք աջակցել ձեզ հաղթահարելու այն բոլոր դժվարությունները, որոնք խոչընդոտ են հանդիսանում Հայաստանում երջանիկ զգալու համար»։

Աշխատելով տիկին Հայրապետյանի հետ՝ ծրագրի մասնակիցները ներգրավվում են տարատեսակ մարդասիրական նախաձեռնությունների, որոնց շնորհիվ ձեռք են բերում կազմակերպչական ունակություններ և սեփական տեսակետը ներկայացնելու և պաշտպանելու կարողություն։

«Մենթորներին ճանաչելու, նրանց փորձառության մասին լսելու և նրանց հետ աշխատելու միջոցով՝ այն ցանկալի փոփոխությունը, որին ձգտում ենք, կարծես հասանելի է դառնում։ Այդ փոփոխության միջոցով մենք՝ ծրագրի մասնակից կանայքս, կարողանում ենք առավել նպաստել մեր ընտանիքների և համայնքի բարեկեցությանը», իր խոսքում նշում է ծրագրի մասնակից Քարոլին Մսրիէ Սերոբյանը։