Մենթորություն արվեստի միջոցով՝ հանուն ակտիվ քաղաքացիական մասնակցության ապահովման

2018 թվականի դեկտեմբերի 14-ին «Տեղահանված կանայք որպես փոփոխություն նախաձեռնողներ» ծրագրի շրջանակում սիրիահայ կանանց խումբը հյուրընկալվել էր նկարչուհի Արմինե Թումանյանի արվեստանոցում։

Խմբի անդամները, որոնց աշխատանքային ոլորտը սերտ կապված է արվեստի հետ, մասնակցելով կանանց հզորացմանն ուղղված ծրագրին, ցանկություն էին հայտնել ուղղորդում ստանալ արվեստագետից, ով ակտիվ մասնակցում է հայաստանյան քաղաքացիական կյանքին և նախաձեռնում տարատեսակ սոցիալական ծրագրեր։

Ծրագրի շրջանակում նկարչուհի Արմինե Թումանյանը հանդես է գալիս որպես մենթոր՝ կիսելով իր փորձն ու գիտելիքներն արվեստը սիրող և արվեստի միջոցով խնդիրները բարձրաձայնող սիրիահայ կանանց հետ։

«Փորձություները, կյանքի դժվարությունները կոփում են մարդկանց։ Մյուս կողմից էլ ամեն մարդ ունի իր ուրույն տաղանդը և այն ավելի վառ արտահայտվում է, երբ մարդ դժվարին պայմանների մեջ է հայտնվում։ Հանդիպածս կանանց մեջ տեսա այն թաքնված ներուժը, որը միգուցե չարտահայտվեր, եթե Հալեպի բարեկեցիկ կյանքով շարունակեին ապրել։

Շատ ուրախալի էր տեսնել իսկական կին կերպար կրող սիրիահայ կանանց։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ ձգտումը զարգացնելու հմտությունները և բնածին տաղանդը՝ այն էլ հայրենիքում՝ Հայաստանում։ Սիրով կիսվում եմ իմ գիտելիքներով և քաջալերելու եմ մեր հետագա շփումն ու արդեն ստեղծված ընկերությունը», – իր խոսքում նշում է նկարչուհի Արմինե Թումանյանը։

«Երբ չունես մասնագիտական որակավորում, բայց սիրում ես գույների միջոցով մտքերդ հանձնել թղթին, ու ստեղծագործելու միջոցով փորձում ես դիմագրավել առկա խնդիրներին, միշտ ցանկանում ես հանդիպել մեկին, ով քեզ կուղղորդի իր խորհուրդներով և կքաջալերի։ Ես այդպիսի քաջալերանք զգացի, երբ հանդիպեցի նկարչուհի Արմինե Թումանյանին։ Իր խոսքով, իր դրական էներգիայով, նախաձեռնած ծրագրերով, որոնք ուղղված են եղել վերհանելու մի շարք խնդիրներ և նպաստելու հասարակության բարօրությանը, կարծես մի նոր ուժ ու ոգևորություն զգացի՝ առաջ գնալու և նպատակներին հասնելու համար։ Այս հանդիպումն այն տրամաբանության շարունակությունն էր, որով ընթանում էր սիրիահայ կանանց հզորացման այս ծրագիրը։ Մենք ստացել ենք անձի զարգացման համար կարևոր գիտելիքներ, և հիմա ժամանակ է նորովի բացահայտելու այդ գիտելիքների աշխարհը», – իր խոսքում նշում է ծրագրի մասնակից Ազատուհի Մինասյանը։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ն իրականացնում է «Տեղահանված կանայք որպես փոփոխություն նախաձեռնողներ» ծրագիրը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ: Նորովի բացահայտելով պատերազմի, հալածանքների և բռնությունների հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայ կանանց ներուժը, զինելով նրանց համապատասխան գիտելիքներով և հմտություններով, մասնակից դարձնելով հասարակական գործունեությանը և տրամադրելով քոչինգ/ուղղորդում՝ կանանց հզորացման ծրագիրը նպատակ ունի խթանել սիրիահայ կանանց ակտիվ մասնակցությունը հայաստանյան քաղաքացիական կյանքում: