Մեր մասին

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը («ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ) բարեգործական, ոչ առևտրային և ոչ կառավարական կազմակերպություն է:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը հիմնադրվել և գրանցվել է 2013թ-ին Հայաստանում Սիրիայում երկար տարիներ միութենական գործունեություն ծավալած կանանց կողմից։

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունն իր գործունեության առանցքում ունենալով բարեգործությունը՝  սիրիական համակարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիացիներին տրամադրում է մարդասիրական օգնություն, մշակում և իրականացում է տևական ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանում գտնվող սիրիացիների առաջնային խնդիրների՝ բնակարանային և զբաղվածության խնդիրների լուծմանը։ Կազմակերպության գործունեությունը նաև նպաստում է սիրիացիների  սոցիալ-մշակութային, հոգևոր և ֆիզիկական, կրթական, գիտական զարգացմանը Հայաստանում։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի շուրջ համախմբված աշխատակազմի և բազմաթիվ կամավորների ջանքերի ու «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին հավատ ընծայած աշխարհասփյուռ բարերարների կենսական օժանդակության շնորհիվ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը՝

  • մարդասիրական օգնություն է տրամադրում շուրջ 6000 սիրիացիների՝ 1800 ընտանիքի,
  • կենցաղային ծախսերը հոգալու նպատակով դրամային օգնություն է տրամադրում սիրիացի կարիքավոր ընտանիքներին,
  • ապահովում է բնակարանով սիրիացի անպահով ընտանիքներին,
  • տրամադրել է մեկ ուղղությամբ ինքնաթիռի տոմս 460 կարիքավոր սիրիացիների, ովքեր դիմել են «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին Սիրիայից Հայաստան տեղափոխվելու համար,
  • ապահովում է հաշմանդամություն ունեցող սիրիացիների ամենօրյա ներառական կրթությունն անվճար հիմունքներով,
  • ապահովել է 80 սիրիացի կանանց ձեռներեցությանը նպաստող դասընթացներով՝ տրամադրելով հմտություններ, գիտելիքներ և գործիքներ,
  • տրամադրում է սոց-հոգեբանական ծառայություն հարյուրավոր սիրիացիների,
  • տրամադրում է խորհրդատվություն՝ նպաստելով քաղաքացիական կյանքում փախստական սիրիացիների ներգրավածությանը,
  • կազմակերպում է դասընթացներ, հավաքներ սիրիացի երեխաների և պատանիների համար:

Մեր տեսլականը

  • Ապահովել Հայաստանում ապաստան գտած սիրիացիների բարօրությունը և արժանապատիվ կյանքի պայմանները՝ արգելք հանդիսանալով արտագաղթի հրատապ երևույթին՝ որպեսզի սիրիական քաղաքացիական պատերազմի ավարտին նրանք հնարավորություն ունենան վերադառնալ և տեր կանգնել իրենց սեփական ունեցվածքին՝ մասնակից դառնալով Սիրիայի վերակառուցման  աշխատանքներին։
  • Մշտական լուծումներ գտնել սիրիական համակարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիացիների առջև ծառացած խնդիրներին՝ ապահովելով անձի արժանապատիվ ապրելու իրավունքը:

Մեր առաքելությունը

Համագործակցելով մեր գործընկերների հետ` մենք ձգտում ենք պաշտպանել, աջակցել և զորակցել Հայաստանում ապաստան գտած Սիրիայի քաղաքացիներին, մշակել և իրականացնել տևական ծրագրեր՝ նպաստելով նրանց առաջնային խնդիրների՝ բնակարանային և զբաղվածության խնդիրների լուծմանը, ինտեգրման գործընթացներին, սոցիալ-մշակութային, հոգևոր և ֆիզիկական, կրթական, գիտական զարգացմանը։

Ներկայիս առաջնահերթություններն են՝

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ամենօրյա աշխատանքը, մոտ կանգնած լինելը կազմակերպությունում գրանցված, կարիքի մեջ գտնվող 6000 սիրիացիներին և մանրամասնորեն տեղյակ լինելը յուրաքանչյուրի սոցիալական վիճակի մասին՝ թույլ է տալիս «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին վեր հանել Հայաստանում ապաստան գտած սիրիացիների ամենաառաջնային և հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրները և մշակել համապատասխան լուծումներ:

  • Կացարանաշինություն:

Լուծումներ գտնել բնակարանային խնդրի և նրանից բխող բոլոր հետևանքների համար՝ նպաստելով սիրիացիների տնտեսական վիճակի բարելավմանը Հայաստանում:

  • Տնտեսական զարգացում:

Զարկ տալ սիրիացիների զբաղվածության խնդրի լուծմանը Հայաստանում՝ ստեղծելով աշխատատեղեր, խթանելով ձեռնարկատիրական կարողությունների զարգացումը, բարելավելով սոցիալական պայմանները, խթանելով տնտեսական մասնակցությունը և օժանդակելով սիրիացիների ակտիվության բարձրացմանը քաղաքացիական կյանքում և նրանց շահերի և իրավունքների պաշտպանությանը։

Մեր մանդատը

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը  Հայաստանում ապաստան գտած սիրիացիներին տրամադրում է՝

  • պարենային և ոչ պարենային ապրանքներ,
  • ապաստան և փոքր ենթակառուցվածքներ,
  • դրամային օգնություն կենցաղային ծախսերը (կոմունալ, սնունդ և այլն) հոգալու համար,
  • սոցիալական աջակցություն սիրիացի մտավոր և ֆիզիկական հաշմանդամության խնդիրներ ունեցող անձանց,
  • ձեռներեցությանը նպաստող դասընթացներ՝ խթանելով սիրիացիների ձեռներեցության հմտությունների զարգացումը, նրանց տնտեսական մասնակցությունը և սոցիալական պայմանների բարելավումը,
  • սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություն,
  • սոցիալ-մշակութային, հոգևոր և ֆիզիկական, կրթական, գիտական զարգացում։
  • խորհրդատվություն, անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ հանրօգուտ գործունեության համար։

Մեր արժեքները

Մենք արժևորում ենք՝

ԸՆԴԳՐԿՈՒՄ ԵՎ ՀԱՐԳԱՆՔ

Յուրաքանչյուր սիրիացի ուրույն արժեք է։

Կարիքի մեջ գտնվող յուրաքանչյուր սիրիացի արժանի է աջակցության,  հարգանքի և արժանապատիվ կյանքի։

ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Մեր մարդասիրական աջակցությունը հիմված է անկողմնակալության սկզբունքի վրա այնպիսի հարցերում, ինչպիսիք են քաղաքականությունը, ռասան, ազգությունը, կրոնը և այլն:

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՄՈՏԵՑՈՒՄ

Ցուցաբերելով ստեղծագործ մոտեցում՝ մենք փորձում ենք գտնել նոր ուղիներ կազմակերպության գործունեությունը կազմակերպելու և իրականացնելու համար:

ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Լինելով հասարակական կազմակերպություն՝ մենք կամավոր հիմունքներով աջակցում ենք սիրիացիներին, ովքեր զուրկ են գոյատևման համար անհրաժեշտ տարրական պայմաններից։

Մենք նաև ներգրավում ենք նոր կամավորների, ովքեր ցանկություն ունեն աջակցելու կարիքի մեջ հայտնված սիրիացիներին:

ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ

Մենք հաշվետու ենք բոլոր այն մարդկանց առջև, ովքեր աջակցում են մեզ, ում մենք ենք աջակցում և ում հետ համագործակցում ենք: