Անի Բալխյան
«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հիմնադիր նախագահ
Ունենալով 30 և ավել տարիների ղեկավարման փորձառություն և մասը կազմելով լայնածավալ հասարակական աշխատանքներին՝ Անի Բալխյանն իր հմտություններն է ծառայեցրել Սիրիայում և Հայաստանում գործող բազմաթիվ կառույցների ղեկավարմանը և գործունեության շարունակականության ապահովմանը:
Մասնագիտական գիտելքները և կարողությունները Անի Բալխյանը ներդրել է Հալեպի Հայաստանի հանրապետության հյուպատոսարանի կանանց խորհրդում որպես փոխատենապետ, Հալեպի առևտրաարդյունաբերական պալատի գործարար կանանց հանձնախմբում՝ որպես անդամ, Սիրիայում Բերիո Թեմի Ազգային Առաջնորդարանին կից գործող գործարարների հանձնաժողովում՝ որպես անդամ-ատենադպիր, Հալեպի «Գուլլաբի Գյուլբենկյան մայրանոց»-ում՝ որպես կանանց խորհրդի ատենապետուհի, Սիրիայում Հայաստան համահայկական հիմնադրամում՝ որպես հանձնախմբի անդամ, գանձապահ, Հալեպի Թեքեյան մշակութային միության տիկնանց հանձնախմբում՝ որպես անդամ, «Nourtex Textile Printing» ընկերությունում՝ որպես համասեփականատեր և «Միհրան և Անի Բալխյան» մշակութային հիմնադրամում՝ որպես հիմնադիր նախագահ։
Անի Բալխյանը նաև անդամակցել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը և Հայ Օգնության Խաչին Սիրիայում։
Անի Բալխյանը կամավորական հիմունքներով ղեկավարում և ուղղորդում է «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի ողջ գործունեությունը՝ այն ծառայեցնելով կազմակերպության կանոնադրական նպատակներին և առաքելությանը:
Ծովիկ Մագարյան Պայթարյան
«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հիմնադիր անդամ, փոխնախագահ
Ներգրավված լինելով բարեսիրական գործունեություն ծավալող նշանավոր կառույցներում որպես ղեկավար մարմնի անդամ և ունենալով շուրջ 34 տարիների միութենական գործունեություն՝ Ծովիկ Մագարյան Պայթարյանը նպաստել է Սիրիայում և Հայաստանում իրականացված տարատեսակ մարդասիրական ծրագրերի կյանքի կոչմանը:
Ծովիկ Մագարյան Պայթարյանը հանդիսացել է Սիրիայում Համազգային հայ կրթական և մշակութային միության Բ. Կանաչյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, Սիրիայում Հայ Օգնության Միության ատենապետուհի, Սիրիայում Քարէն Եփփե ճեմարանի խնամակալների կազմի անդամ: Նա անդամակցել է Հալեպում Հայաստանի հանրապետության հյուպատոսարանի կանանց խորհրդին, Հալեպի Բերիո կրթական հարցերով հանձնախմբին, Հալեպի Համազգային հայ կրթական և մշակութային միությանը, Երևանի միջազգային կանանց միավորմանը:
Իր մասնագիտական գործունեությունը Ծովիկ Մագարյան Պայթարյանը ծառայեցրել է նաև Հալեպում գործող բժշկական լաբարատորիայի և լուսանկարչական ընկերության գործունեության ապահովմանը:
Որպես «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի փոխնախագահ Մագարյան Պայթարյանը կազմակերպում և իրականացնում է կազմակերպության արդյունավետ գործունեությունը:
Ծովիկ Մագարյան Պայթարյանը եղել է նաև «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի տիկնանց հանձնախմբի ատենապետուհի և համակարգել տիկնանց հանձնախմբի աշխատանքները։
Մարալ Գարագաշյան
«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հիմնադիր անդամ, բարեգործական դրամահավաքների համակարգող ԱՄՆ-ում
Ունենալով շուրջ 48 և ավել տարիների հարուստ միութենական գործունեություն՝ Մարալ Գարագաշյանը ԱՄՆ-ում ղեկավարել և ուղղորդել է բազմաթիվ բարեսիրական հասարակական կառույցների գործունեությունը:
Մարալ Գարագաշյանը հանդիսացել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Նյու Յորքի մասնաճյուղի անդամ: Մասն է կազմել նաև Սբ. Ստեփանոս Հայաստանյաց եկեղեցու կանանց միության վարչությանը որպես քարտուղար և եռանդորեն համակարգել է կանանց միության բարեսիրական նախաձեռնությունները: Նա աշխատել է Նյու Ջերսիի Մոնմաութ շրջանի սոցիալական ապահովության խորհրդի համար: Ավելի ուշ աշխատելով Նյու Ջերսի նահանգի երիտասարդական և ընտանեկան ծառայությունների բաժնում՝ նա փորձարկել է համակարգիչների օգտագործումը 40 գրասենյակներում և կազմակերպել բազմաթիվ ուսուցողական և վերապատրաստողական դասընթացներ:
Մարալ Գարագաշյանը հանդիսանում է Նյու Ջերսիի Հայկական մշակութային միության հիմնադիր և գործադիր մարմնի անդամ: Նրա ղեկավարությամբ կազմակերպվել և իրականացվել են բազմաթիվ մշակութային նախաձեռնություններ: Նա նաև հանդիսանում է Նյու Ջերսիի Հայ Օգնության Միության Գայանե մասնաճյուղի հիմնադիր:
Մարալ Գարագաշյանը եղել է նաև Սբ. Ստեփանոս Հայաստանյաց եկեղեցու ծխական խորհրդի, ինչպես նաև Սբ. Ստեփանոս Հայաստանյաց եկեղեցու կանանց միության խորհրդի անդամ:
Մարալ Գարագաշյանն իր նպաստամատույց գործունեությունն իրականացրել է նաև Հայաստանում:
Լինելով «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հիմնադիր անդամ՝ իր տարիների փորձառությունն ու ձեռք բերված իմաստությունը Մարալ Գարագաշյանը ծառայեցնում է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործունեության շարունակականության ապահովմանը՝ կազմակերպելով բարեգործական դրամահավաքներ ԱՄՆ-ում:
Ռիտա Յագոփյան Կարագուլյան
Հիմնադիր անդամ, գանձապահ
Ռիտա Յագոփյան Կարագուլյանը շուրջ 35 տարի մաս է կազմել բարեսիրական նախաձեռնությունների համակարգմանը և իրականացմանը Սիրիայում և Հայաստանում։ Սիրիայում նա ակտիվորեն ներգրավված է եղել Սուրիո Օգնության Խաչին՝ հանդես գալով Սևան մասնաճյուղի քարոզչական հանձնախմբի, ինչպես նաև դրամահավաքների իրականացման, հաշվեքննիչ և փոխվարչական հանձնախմբերին։
Միութենական գործունեության շրջանում Ռիտա Յագոփյան Կարագուլյանը անդամակցել է Սիրիայում Ուրֆայի հայրենակցական միության տիկնանց հանձնախմբին որպես հաշվապահ, իսկ հետագայում անդամակցելով Հայաստանում գործող Հայ Օգնության Միությանը՝ հանդիսացել է Կռունկ մասնաճյուղի ատենապետուհի և շրջանային վարչության դրամահավաքի հանձնախմբի անդամ։
Շարունակելով բարեսիրական գործունեությունը Հայաստանում՝ Ռիտա Յագոփյան Կարագուլյանը եղել է Հայաստանի «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի ծնողխորհուրդի փոխնախագահ և համակարգել մի շարք մարդասիրական նախաձեռնություններ։
Ռիտա Յագոփյան Կարագուլյանը նաև հանդիսանում է «Փոենի» ՍՊԸ-ի շինարարական ընկերության տնօրենուհի։
Ռիտա Յագոփյան Կարագուլյանը հանդիսանում է «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի հիմնադիր անդամ, գանձապահ՝ համակարգելով և իրականացնելով կազմակերպության դրամարկղային գործառնությունները։
Ռիտա Յագոփյան Կարագուլյանը եղել է նաև «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի տիկնանց հանձնախմբի ատենապետուհի և համակարգել տիկնանց հանձնախմբի աշխատանքները։