Պատմություն

 «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է մի խումբ սիրիահայերի նախաձեռնությամբ՝ ի երախտագիտություն սիրիացիների ունեցած այն վիթխարի դերին, ովքեր հյուրընկալեցին 1915 թ-ի Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին:

Եվ 2012թ-ի թվականի ամռանը, երբ Հալեպ քաղաքի հետզհետե թեժացող պատերազմական դժնդակ պայմանների բերումով մեծ աճ արձանագրեց Հայաստան տեղափոխվող սիրիացիների թիվը, որոնք հիմնականում էթնիկ հայեր էին, և գիտակցելով նոր երկիր տեղափոխվող սիրիացիների առջև ծառացած խնդիրները դիմագրավելու դժվարություններին՝ Սիրիայում երկար տարիներ միութենական  գործունեություն ծավալած, ինչպես նաև Սիրիայում հիմնադրված «Միհրան և Անի Բալխյան» մշակութային հիմնադրամի նախագահ Անի Բալխյանի մոտ ծնվեց գաղափար՝ ստեղծելու բարեսիրական հասարակական կազմակերպություն, որպեսզի հավաքական աշխատանքի միջոցով կարելի լիներ օգնության ձեռք մեկնել Հայաստան տեղափոխվող սիրիացի ներգաղթյալներին։

Երկար տարիներ միութենական և բարեսիրական գործունեություն ծավալած հալեպահայ կանայք՝ Ռիտա Կարագուլյանը, Ծովիկ Բայթարյանը և ամերիկահայ Մարալ Գարագաշյանը նեցուկ կանգնելով Անի Բալխյանի առաջարկած գաղափարին ու համախմբելով Երևանում գտնվող սիրիահայ կանանց՝ միահամուռ ուժերով հիմնեցին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը:

Կազմակերպության հիմնադրման գաղափարի կյանքի կոչման գործում մեծ է նաև Սարգիս Բալխյանի և Րաֆֆի Գարագաշյանի դերը, ովքեր արդեն հանդիպումներ ունենալով ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում բնակվող գործարարների և համայնքի ներկայացուցիչների հետ, օժանդակեցին կազմակերպության հիմնադրմանը և զարկ տվեցին հետագա գործունեությանը։

Կազմակերպության հիմնադիր ժողովը տեղի է ունեցել 2013թ-ի օգոստոսի 17-ին: Մասնակիցները միաձայնորեն քվեարկել են «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության հիմնադրման օգտին` հանձնառություն ստանձնելով հետևողական գտնվել կազմակերպության նպատակների և առաքելության իրականացման գործում:

Հիմնադիր ժողովին մասնակիցները միաձայն ընտրել են Անի Բալխյանին` որպես կազմակերպության նախագահ, ով, իր հերթին, ստանձնել է կազմակերպության գրանցման պարտավորությունը:

Կազմակերպության հիմնադիր անդամներն են հանդիսանում կանայք, որոնց ավելի ուշ միացել են երիտասարդներ։ Այժմ կազմակերպությունը բաղկացած է գործադիր մարմնից, տիկնանց խորհրդից, երիտասարդաց խորհրդից և պատանեկան հանձաժողովից:

Այսպիսով 2013թ-ի հոկտեմբերի 28-ին Հայաստանում հիմնադրվել ու պաշտոնապես գրանցվել է «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը:

Ավելի ուշ՝ 2014թ-ի ապրիլի 16-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում հիմնադրվել և գրանցվել է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի աջակից կառույցը՝ «ՀԱԼԷՊ» հասարակական կազմակերպությունը: