Նամակ՝ ուղղված ՀՀ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանին


21.04.2020

ՀՀ Միգրացիոն ծառայության պետ

պարոն Արմեն Ղազարյանին

Հարգարժան պրն. Ղազարյան,

«ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) Գործադիր մարմինն իր զորակցությունն է հայտնում ՀՀ Կառավարությանը՝ պանդեմիայի այս դժվարին շրջանում: Գիտակցում ենք ներկայիս ծանր դրությունը և բարձր ենք գնահատում Կառավարության կողմից իրականացվող կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված ջանքերը:    

          
Ցավոք, սոցիալական աջակցության վերջին ծրագրերը, որոնք իրականացվում են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, մեծամասամբ չեն ընդգրկում Հայաստանում ապաստանած սիրիահայ ընտանիքներին՝ ելնելով մի շարք պատճառներից:    
                                                                                                          
Հայաստանում սիրիահայ փախստականների շրջանում գործազրկության իրական մակարդակը կազմում էր 46%՝ նախքան COVID-19-ը, իսկ սիրիահայ աշխատողների  63%-ն աշխատում էր առանց պայմանագրի կամ գրանցման: Բացի այդ, ի տարբերություն տեղաբնակների, ովքեր չունեն սեփականության պաշտպանության խնդիր, սիրիահայերի 81%-ն ապրում է վարձակալությամբ: Եվ անգամ այս օրերին, բնակարանների սեփականատերերը շարունակում են պահանջել իրենց վարձակալության գումարը, իսկ գործատուներն առանց վարձատրության աշխատանքից ազատում են սիրիահայ աշխատողներին կամ էլ տալիս արձակուրդ՝ առանց վճարելու դրա դիմաց:

Ուստի, որպես սիրիահայերին մարդասիրական աջակցության և նրանց ինտեգրման հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություն, սույն նամակով  դիմում ենք Ձեզ՝ առանձին օգնություն ցուցաբերել խոցելի վիճակում գտնվող սիրիահայ ընտանիքներին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս շրջանում զրկվել են նաև իրենց աշխատանքից և  չունեն այլ եկամուտ: Սիրիահայերն այս դեպքում ոչ միայն  չեն կարող դիմակայել կորոնավիրուսին, այլև նրանց ողջ կենսապահովումը վտանգի տակ է պանդեմիայի ընթացքում:                                                           

Այս օրերին «ՀԱԼԵՊ» ՀԿ-ին են դիմել մեծ թվով սիրիահայ ընտանիքներ, ովքեր չեն կարողանում հոգալ իրենց օրվա ապրուստը, ուստի «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը պատրաստակամ է  համագործակցել համապատասխան նախարարության և այլ կառույցների հետ՝ աջակցելու այդ ընտանիքներին այս ժամանակաշրջանում` հատկացված միջոցներն օգտագործվելով սննդի փաթեթներ կամ էլ ֆինանսական աջակցություն տրամադրելուն:                                                                                                           

Վստահ ենք՝  բարձր գնահատելով Հայաստանում ապաստանած սիրիահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում և հաշվի առնելով նրանց՝ էլ ավելի խոցելի դրությունը, կընդառաջեք մեր խնդրագրին՝ այս օրերին աջակցելով նաև սիրիահայ ընտանիքներին:

Հարգանքով՝

Անի Բալխյան

Հիմնադիր նախագահ

«ՀԱԼԵՊ» ՀԿ