Նամակ՝ ուղղված ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին

13.04.2020թ.
Հայաստանի Հանրապետության վարչապետ

պարոն Նիկոլ Փաշինյանին

Հարգարժան պրն. Փաշինյան,

«ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության( «ՀԱԼԵՊ» ՀԿ) Գործադիր մարմինն իր զորակցությունն է հայտնում ՀՀ Կառավարությանը՝ պանդեմիայի այս դժվարին շրջանում: Գիտակցում ենք ներկայիս դժվարին դրությունը և բարձր ենք գնահատում Կառավարության կողմից իրականացվող կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված ջանքերը:
             
Ցավոք, սոցիալական աջակցության վերջին ծրագրերը, որոնք իրականացվում են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, մեծամասամբ չեն ընդգրկում Հայաստանում ապաստանած սիրիահայ ընտանիքներին: Ուստի, որպես սիրիահայերին մարդասիրական աջակցության և նրանց ինտեգրման հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություն, սույն նամակով  դիմում ենք Ձեզ, առանձին օգնություն ցուցաբերել խոցելի վիճակում գտնվող սիրիահայ ընտանիքներին: Վերջիններս գտնվում են բավական ծանր վիճակում, քանի որ ի տարբերություն տեղացիների, սիրիահայ ընտանիքները բնակվում են վարձակալությամբ, ինչն էլ ավելի է խոցելի դարձնում նրանց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս շրջանում զրկվել են նաև իրենց աշխատանքից և չունեն այլ եկամուտ:                                                    

Այս օրերին «ՀԱԼԵՊ» ՀԿ-ին են դիմել մեծ թվով սիրիահայ ընտանիքներ, ովքեր չեն կարողանում հոգալ իրենց օրվա ապրուստը, ուստի «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը պատրաստակամ է  համագործակցել համապատասխան նախարարության և այլ կառույցների հետ՝ աջակցելու այդ ընտանիքներին այս ժամանակաշրջանում:    

 Վստահ ենք՝  բարձր գնահատելով Հայաստանում ապաստանած սիրիահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում և հաշվի առնելով նրանց՝ էլ ավելի խոցելի դրությունը, կընդառաջեք մեր խնդրագրին՝ աջակցելով նաև սիրիահայ ընտանիքներին:

Հարգանքով՝

Անի Բալխյան

Հիմնադիր նախագահ

«ՀԱԼԵՊ» ՀԿ