Նեյրո-լեզվաբանությունը սիրիահայ երիտասարդների ուշադրության կենտրոնում

2018 թվականի հունիսի 4-ին «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում մեկնարկել է նոր դասընթաց: Ծրագրի շահառու սիրիահայ երիտասարդների խմբին հնարավորություն է ընձեռվել  մասնակցելու նեյրո-լեզվաբանական ծրագրավորման դասընթացին։

Դասընթացը հնարավոր է դարձել «ՀԱԼԵՊ» հայրենակցակական բարեսիրական հասարակական կազմակերպության և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի համագործակցության շնորհիվ։

Նեյրո-լեզվաբանական ծրագրավորման դասընթացն ուսումնասիրում է հաղորդակցությունը՝ որպես արվեստ և գիտություն: Այն մասնակիցներին սովորեցնելու է կենտրոնանալ առաջադրված նպատակներին և ողջ ուժերն ուղղել դրանց հասնելուն:

Դասընթացի հանդիպմանը ներկա էր «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի համակարգող Լաուրա Սամվելյանը, ով ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ տեղեկացրեց ծրագրի նպատակների և կարևորության մասին: Նա նշեց, որ սիրիահայ երիտասարդների ինտեգրումը հայաստանյան հասարակությունում ծրագրի գերակա խնդրիրներից է, և լիահույս է, որ դասընթացն իր կարևոր դերը կունենա երիտասարդների ինքնազարգացման և համապատասխան աշխատանք գտնելու գործընթացում:

Հմուտ դասընթացավար Հակոբ Մակդիս Մուսոն իր բացման խոսքում նշեց, որ հազարավոր հաջողակ մարդիկ ամբողջ աշխարհով մեկ սովորել են նեյրո-լեզվաբանական ծրագրավորում (ՆԼԾ) և գիտակցել են, որ այն հետևողականորեն աջակցել է նրանց` հասնելու իրենց նպատակներին:

Վեց շաբաթ տևողությամբ դասընթացը օգտակար է լինելու տարբեր մասնագիտություն և զբաղվածություն ունեցող մասնակիցների համար: Այն օգնելու է ավելի արդյունավետ հաղորդակցվել գործընկերների հետ, հաղթահարել հաղորդակցության հետ կապված բոլոր խոչնդոտները և կյանքի ցանկացած բնագավառում հաջողության հասնել:

Դասընթացի ավարտից հետո մասնակիցներին տրվելու են հավաստագրեր:

Հիշեցնենք՝ «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի նպատակն է սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ երիտասարդներին տրամադրել նոր գիտելիքներ և հմտություններ՝ նպաստելով նրանց զարգացմանը և հայաստանյան քաղաքացիական կյանքում ինքնաիրացմանը: