Նորաբաց «Ալեպպո Քուիզին» կենտրոնը հիմնական աշխատանքով է ապահովելու սիրիահայերին

«ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը («ՀԱԼԵՊ» ՀԿ-ը) ս/թ նոյեմբերի 29-ին մեկնարկեց «Ալեպպո Քուիզին» սոցիալական ձեռնարկատիրական կենտրոնի գործունեությունը։

Հանդիսավոր բացման արարողությունն իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը, Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան ՆԳ պարոն Ջուն Յամադան, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը, ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների Գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը և Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովվածության բաժնի պետ Ռուզաննա Զաքարյանը։

«Գործունեության հինգերորդ տարում «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը բացում է «Ալեպպո Քուիզին» կենտրոնի դռները՝ հիմնական աշխատանքով ու արժանապատիվ կյանքի կենսապայմաններով ապահովելու սիրիահայերին և պաշտպանելու նրանց աշխատանքային իրավունքները ՀՀ-ում», – նշեց «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանը։

«Ալեպպո Քուիզին» սոցիալական ձեռնարկատիրական կենտրոնը, որն ավելի քան 200000 ԱՄՆ դոլարի ներդրումներ է ներգրավել, հիմնադրվում է Տեխասի Հյուսթոն քաղաքի Սբ. Գևորգ հայ առաքելական եկեղեցու ծխական խորհուրդի (ԱՄՆ), Ճապոնիայի կառավարության` հանձին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության, Գերմանիայի կառավարության՝ հանձին Գերմանիայի Միջազգային Համագործակցություն ընկերության, Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության՝ հանձին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի շրջանակում:

«Մենք հավատում ենք, որ այս օժանդակությունը կդառնա ամուր կապ և բարեկամության մարմնացում, ինչպես նաև փոխադարձ համակրանք, որն ավանդաբար ձևավորում է Ճապոնիայի և Հայաստանի հարաբերությունների հիմքը», իր խոսքում նշեց Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան ՆԳ պարոն Ջուն Յամադան։

«Ալեպպօ Քուիզին» կենտրոնը նպատակ ունի ստեղծել աշխատատեղեր սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայ կանանց համար ու նպաստել նրանց տնտեսական ու սոցիալական ինտեգրմանը Հայաստանում։

«Սա օրինակելի նախաձեռնություն է, որը կյանքի է կոչվում Սիրիայից տեղահանված ու Հայաստանում հաստատված անձանց կողմից։ Գերմանիայի Միջազգային Համագործակցություն ընկերության միջոցով Գերմանիայի կառավարությունն նեցուկ է կանգնում այս տեղահանված անձանց՝ հայաստանյան քաղաքացիական կյանքում ներգրավելու ջանքերին», – նշեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Բերնհարդ Մաթիաս Քիսլերը։

«Դեսպանատունը հպարտ է, որ աջակցում է «Ալեպպո Քուիզին» կենտրոնին՝ մի կենսունակ սոցիալական ձեռնարկության, որ հետամուտ է Միացյալ Նահանգներին շատ հոգեհարազատ արժեքների: Համոզված եմ, որ Հայաստանի սիրիահայ համայնքի համար այս կենտրոնի բացումը ևս մեկ նշանակալի քայլ է տնտեսական ինտեգրումը խթանելու ճանապարհին», – ասաց Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը:

«Ալեպպո Քուիզին» կենտրոնը գործելու է որպես սննդի արտադրամաս, սննդի կետ և մատուցելու է ծառայություններ սննդի արտագնա սպասարկման ոլորտում: Կենտրոնի գործունեությունից գոյացած շահույթը ծառայելու է խոցելի կարգավիճակում գտնվող սիրիահայերի համար նոր աշխատատեղեր հիմնելուն և սիրիահայ ընտանիքներին մարդասիրական օգնություն տրամադրելուն։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը հիմնադրվել է 2013 թվականին և իրականացրել տասնյակ ծրագրեր՝ ուղղված սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում գտնվող սիրիահայերի խնդիրների, մասնավորապես՝բնակարանային և զբաղվածության խնդիրների, լուծմանը։

Արդյունքում տրամադրվել է մարդասիրական օգնություն, մեկ ուղղությամբ ինքնաթիռի տոմսեր դեպի Հայաստան, առանց վարձավճարի բնակարաններ, ֆինանսական օգնություն, գործարկվել է հատուկ կարիքներ ունեցող սիրիահայերի համար միակ ներառական կրթության կենտրոնը, սիրիահայ ուսանողների հատկացվել է կրթաթոշակներ, և հարյուրավոր սիրիահայերի տրամադրվել է սոցիալ-հոգեբանական աջակցություն։