Նորա Թոփրակճի. մասնագիտությունը՝ ճարտարապետ

Սիրով ներկայացնում ենք «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում իրականացվող մասնագիտական վճարովի պրակտիկայի հաջորդ մասնակից Նորա Թոփրակճիին:

«Ես Սիրիայի Հալեպ քաղաքից եմ: 2011թ. Սիրիայում սկսված պատերազմի պատճառով ընտանիքիս հետ միասին տեղափոխվել եմ հայրենիք՝ Հայաստան», նշում է Նորան։

Հարցին, թե ինչու ընտրեց ճարտարապետի մասնագիտությունը, Նորան պատասխանեց. «Հալեպում պատերազմի վնասների հետքերից ազդված և մեծ սեր ունենալով նկարչության և ստեղծագործության հանդեպ, որոշեցի ուսումս շարունակել ճարտարապետություն մասնագիտությամբ։ 2015 թ. ընդունվեցի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան և ուսմանս 4 տարիների ընթացքում մեծ սեր ձեռք բերեցի մասնագիտությանս հանդեպ: Ինձ համար հաճելի է ստեղծել այնպիսի միջավայր, որը մարդու համար կլինի հարմարավետ, ապահով ու գեղեցիկ»:

2019թ. Նորան ստացավ բակալավրի աստիճան և ընդունվեց մագիստրատուրա:  «Երկու շաբաթ առաջ սկսեցի մասնագիտական պրակտիկան «Արխանգել» ճարտարապետական արվեստանոցում, որի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «ՀԱԼԵՊ» ՀԿ-ին և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամին՝ ինձ նման հնարավորություն ընձեռելու համար:

Պրակտիկայի ընթացքում հասկացա, որ ավելի լուրջ պետք է վերաբերվեմ մասնագիտությանս: Պրակտիկայի շնորհիվ ավելի մոտիկից ուսումնասիրեցի շինարարական նյութերը, ընդգրկված եմ տարբեր նախագծերում: Արխանգել ստուդիայի խմբի հետ այժմ աշխատում եմ ճաշարանի ինտերիերի նախագծի վրա, աշխատանքներ եմ կատարել նաև խոհանոցային սարքավորումների և օրգանական ապակու զարդանախշերի նախագծերի շրջանակներում»,-  ոգևորությամբ պատմում է Նորան:

2019թ.նոյեմբերի 4-ից «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում մեկնարկեց 2-ամսյա մասնագիտական վճարովի պրակտիկա՝ հայաստանյան բուհերում ուսանող 15 սիրիահայ երիտասարդների մասնակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից և իրականացվում «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության համագործակցությամբ: Ինթերնշիփային ծրագրի հիմնական նպատակն է կատարելագործել բուհերի ուսանողների և նորավարտ երիտասարդների հմտություններն ու կարողությունները, ընդլայնել գիտելիքներն իրենց մասնագիտական ոլորտում, հնարավորություն տալ ձեռք բերել աշխատանքային փորձ և ծանոթանալ աշխատանքային միջավայրին:

Կից կարող եք տեսնել Նորայի աշխատանքները, որոնք պատրաստվել են պրակտիկայի ընթացքում…