Նոր հնարավորություններ սիրիահայ երիտասարդների համար․ Մեկնարկեց «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը
Ս.թ․ մարտի 20-ին տրվեց «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրականան հասարակական կազմակերպության («ՀԱԼԷՊ» ՀԿ) և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի կողմից նախաձեռնած «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի մեկնարկը:
Վերջինս համախմբել էր ավելի քան յոթանասուն սիրիահայ երիտասարդների «ՀԱԼԷՊ» ՀԿ-ի հարկի տակ։
Ներկաներին ողջունեց և բացման խոսքով հանդես եկավ «ՀԱԼԷՊ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սարգիս Պալխեանը: Ներկայացնելով ծրագրի նպատակն ու առանձնահատկությունները՝ նա նշեց, որ ծրագիրը սիրիահայ երիտասարդներին տալիս է անձի զարգացմանն ուղղված դասընթացների լայն ընտրություն. «Վերջին տարիների ընթացքում շատ ծրագրեր են իրականացվել սիրիահայ երիտասարդների համար, սակայն այս ծրագիրը յուրօրինակ է նրանով, որ երիտասարդները հնարավորություն կունենան ընտրելու իրենց կարիքներին և հետաքրքրություններին համապատասխան դասընթացները, սեմինարները, կոնֆերանսներն ու միջոցառումներըղ»:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԵՀԽ «Կլոր սեղան» հիմնադրամի ծրագրի փորձագետ Ռուբինա Դևրիկյանը և տեղեկացրեց մասնակիցներին, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև ֆինանսական օգնություն հատկացնել սիրիահայ երիտասարդներին ուսման ոլորտում նրանց կարիքները հոգալու համար, ինչպես նաև կազմակերպել ուխտագնացություններ և արշավներ:
Ծրագրի ներկայացման ընթացքում հանդես եկան մի շարք սիրիահայ և օտարերկյա հրավիրյալ մասնագետներ, ինչպես նաև Մայր Աթոռի ներկայացուցիչը, ովքեր երիտասարդներին ներկայացրեցին տարբեր դասընթացների, երիտասարդական ակումբների և միջոցառումների մանրամասները:
Թվով 70-ից ավել մասնակիցները հնարավորություն ստացան քվեարկելու իրենց առավել հետաքրքրող դասընթացների և երիտասարդական ակումբների օգտին, որը հիմք ծառայեց ծրագրի հետագա գործողություններն իրականացնելու համար։ Առավել շատ քվե ստացած դասընթացներն ու ակումբներն են՝
- Խոսակցական անգլերենի ակումբ;
- Դասընթացներ ճարտարապետների համար (Autocat; Revit; 3DsMax; Lumion; Archicut; Photoshop);
- Վեբ դիզայնի և ծրագրավորման ներածություն
- Նեյրո-լեզվաբանական ծրագրավորում
- Առաջին բուժօգնություն
- Microsoft Office-ի խորացված դասընթացներ
«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի նպատակն է համախմբել սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած երիտասարդներին, նոր գիտելիքներ ու հմտություններ տալ նրանց՝ նպաստելով վերջիններիս զարգացմանը և հայաստանյան քաղաքացիական կյանքում ինքնաիրացմանը։ Ծրագրի նպատակներից է նաև համատեղ միջոցառումների միջոցով սիրիահայ և տեղացի երիտասարդների միջև հարաբերություններն ամրապնդելը: Չորս ամիս տևողությամբ այս ծրագիրն ընդգրկելու է նվազագույնը 80 սիրիահայ երիտասարդների, ովքեր կմասնակցեն միջոցառումներին, սեմինարներին, կոնֆերանսներին և դասընթացներին:
Այն երիտասարդները, ովքեր հնարավորություն չեն ունեցել մասնակցել մարտի 20-ին տեղի ունեցած միջոցառմանը կարող են կապ հաստատել «ՀԱԼԷՊ» ՀԿ–ի աշխատակիցների հետ՝ info@aleppo-ngo.org և lauras@aleppo-ngo.org էլեկտրոնային հասցեով և մասնակցել հետագա միջոցառումներին և դասընթացներին, տեղեկանալ կրթաթոշակների և այլ հնարավորությունների մասին: