Շարունակվում են «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացները «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում
Ս/թ. hոկտեմբերի 18-ին և 20-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում կազմակերպվեց «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացների շարքը սիրիահայ ընտանիքների համար:
Դասընթացներն իրականացվում են Միջազգային համագործակցության գերմանական խնայաբանկերի հիմնադրամի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:
Դասընթացները շատ կարևոր նշանակություն ունեն Հայաստանում ապաստանած սիրիահայ ընտանիքների համար, քանի որ կան մի շարք տարբերություններ և առանձնահատկություններ Հայաստանի և Սիրիայի ֆինանսական համակարգերում:
Դասընթացների մասնակիցները սովորեցին ավելի արդյունավետ կառավարել սեփական դրամական միջոցները: Ինչպես նաև տեղեկություն ձեռք բերեցին, թե ինչպես կարող են պաշտպանել սեփական իրավունքները ֆինանսական դաշտում, ինչպես ավելի արդյունավետ օգտվեն Հայաստանի բանկերի մատուցած ծառայություններից և այլն:
Դասընթացներն ուղեկցվեցին բուռն քննարկումներով, որից հետո մասնակիցները հեռացան ավելի վստահ, քանի որ ծանոթացան Հայաստանում գործող ֆինանսական համակարգին և համակարգի նրբություններին։
Այն սիրիահայերը, ովքեր ցանկանում են մասնակցել «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացներին, խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին:
«Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացների կազմակերպումը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում կրելու է շարունակական բնույթ: