Ուխտագնացություն դեպի Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցի

2019 թվի նոյեմբերի 1-ին՝ հետևելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի հրավերին, «Հալէպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի 72 անդամների մասնակցությամբ կազմակերպվեց ուխտագնացություն դեպի Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցի։

Մասնակիցները ճանապարհին այցելեցին նաև Եռաբլուր հուշահամալիր-պանթեոն՝ հարգանք մատուցելու և աղոթելու Արցախյան մարտերում զոհված ազատամարտիկների հոգիների խաղաղության համար, ինչից հետո ուղևորվեցին դեպի Արգավանդ, ուր Սուրբ Սարգիս եկեղեցում նրանց սպասում էր Տեր Գրիգորը: Վերջինս ներկաներին փոխանցեց Սուրբ Սարգիս եկեղեցու պատմականը։

Ուխտավորները մասնակցեցին  ժամերգությանը, որի ավարտին վայելեցին Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու Տիկնանց հանձնախմբի «Հույսի միավորի» կողմից հնչեցված շարականները։ Ժամերգության ավարտին ուխտավորներին երիցտանը հյուրասիրություն էր սպասվում, որի ընթացքում ծավալվեց բովանդակալից զրույց հոգևոր ու եկեղեցական մի շարք թեմաների շուրջ։

Իր խոսքով հանդես եկավ «Հալէպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության հիմնադիր փոխնախագահ Ծովիկ Մակարյան-Բայթարյանը և բոլոր ուխտավորների կողմից շնորհակալություն հայտնեց Տեր Գրիգոր քահանային և Սուրբ Սարգիս եկեղեցու Տիկնանց հանձնախմբին՝ նման հիշարժան օրվա առիթով։ Ծովիկ Մակարյան-Բայթարյանը  ներկայացնելով  «Հալէպ» ՀԿ-ի   «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի մեկ տարվա ամփոփ գործունեությունը նշեց նաև, որ այս տարի «Հալէպ» ՀԿ-ը տոնում է իր ստեղծման վեցամյակը։  «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի անդամների կողմից եկեղեցուն նվիրաբերված հանգանակությունը Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը հանձնեց ծրագրի անդամներին՝ ծրագրի նպատակների իրականացման համար։ Տեր Հայրը Սուրբ Սարգիս Զորավարի սրբապատկերներ նվիրեց բոլոր ուխտավորներին։ Անհատական նվիրատվություն կատարվեց Մարալ Քարաքաշյանի և Եղսա Միհրանյան-Դեդեյանի կողմից, որպեսզի բոլորի ուխտն ի կատար ածվի։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԿի «Սոցիալհոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում կազմակերպվող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում։

Հանդիպումների շրջանակում հյուրընկալվում են խոսնակներ, ովքեր իրենց կարողությունները և գիտելիքներն են կիսում ներկաների հետ՝ աջակցելով նրանց սոցիալհոգեբանական  վերականգնմանը։

Հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ, ժամը՝ 14։00-ին, «ՀԱԼԷՊ» ՀԿում։
Հասցե՝ քԵրևան, Հյուսիսային պողոտա 11, – 1 հարկ (մուտքը՝ Աբովյան փողոցից)։