«Ուրիշին ժպիտն է միայն, որ քու կատարած բարիքէն քու վրադ կրնայ ճառագայթել և ջերմութիւն ու երջանկութիւն ցանել հոգիիդ մէջ». Գարեգին Ա

2019թ․ հոկտեմբերի 4-ին «Հալէպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («Հալէպ» ՀԿ) գրասենյակում տեղի ունեցավ «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի հերթական հանդիպումը՝ 50 սիրիահայ կանանց մասնակցությամբ։ Ծրագրի մասնակիցների թիվը համալրվել է նոր անդամներով, ովքեր վերջին ամիսներին Սիրիայից տեղափոխվել են Հայաստան։

«Հալէպ» ՀԿ հիմնադիր փոխնախագահ Ծովիկ Մակարյան-Բայթարյանը ողջունեց ներկաներին և ներկայացրեց հանդիպման բուն օրակարգը։ Վկայակոչելով ժպիտի համաշխարհային օրը՝ վերջինս շնորհավորեց ներկաներին՝ մաղթելով, որ յուրաքանչյուրը իր տաքուկ ժպիտով շրջապատին փոխանցի միմիայն դրական զգացմունքներ, որը, անկասկած, բումերանգի նման ետ կվերադառնա ու կերջանկացնի բոլորին։ 

Հանդիպման օրակարգի առաջին՝ «Ծանոթանանք մեր արժեքներին» բաժնի ներքո Ծովիկ Մակարյան-Բայթարյանը անդրադարձավ Հայաստանում կայանալիք համաշխարհային ամենահեղինակավոր միջոցառումներից մեկին՝ «WCIT-2019»-ին և միջոցառման մեկնարկն ազդարարող բացօթյա համերգին՝ կոչ անելով բոլորին ներկա գտնվել և վայելել արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ և հայ ու օտարազգի երաժիշտների մասնակցությամբ։

«Հալէպ» ՀԿ փոխնախագահն անդրադարձավ նաև «WCIT-2019»-ի հեղինակավոր հյուրերին՝ ի դեմս ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի, երգիչ-երգահան, նկարիչ Սերժ Թանկյանի, հայ-ամերիկյան ինտերնետ գործարար, «Reddit» սոցիալական ցանցի համահիմնադիր  Ալեքսիս Օհանյանի և ուրիշների։ Այս տարվա համաժողովի թեման է «Ապակենտրոնացման ուժը, ակնկալիք և վտանգ», որի շրջանակներում պետք է քննարկվեն այն դերն ու ազդեցությունը, որոնք ունեն նորագույն տեխնոլոգիաները մարդկանց կյանքում։ Համաժողովին մասնակցելու են շուրջ 70 երկրից 2000-ից ավելի անհատներ, 120 տեղական և արտասահմանյան հեղինակավոր ընկերություններ և այլն։

Օրակարգի երկրորդ բաժնի շրջանակներում բժշկուհի Մայտա Չավուշյանն անցում կատարեց առողջության թեմային՝ ներկայացնելով վիրուսների այն տեսակները, որոնք ախտահարում են մարդու օրգանիզմն ու պատճառ դառնում թեթև ընթացող հիվանդություններից մինչև ամենածանր հիվանդությունների։ Խոսվեց գրիպի մասին՝ որպես վիրուսային հիվանդություն, և բժշկուհին մի քանի խորհուրդներ տվեց՝ մարդաշատ վայրերում կամ վիրուսակիր անձի հետ շփման ժամանակ վարակից պաշտպանվելու համար։ Անդրադարձ կատարվեց նաև ամենաշատ օգտագործվող դեղամիջոցներին, վիտամիններին և բուժման համար անհրաժեշտ հեղուկներին ու թուրմերին։

Հանդիպման ավարտին ներկայացվեցին մի շարք այլ հայտարարություններ որոնք քննարկվեցին «Արթուր Ասատրյան» հիմնադրամի կողմից տրամադրված հյուրասիրության ներքո, ինչի համար ներկաները հայտնեցին իրենց շնորհակալությունը։

Հիշեցնենք՝ «ՀԱԼէՊ» ՀԿ-ի «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում կազմակերպվող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքին։

Հանդիպումների շրջանակում հյուրընկալվում են խոսնակներ, ովքեր իրենց կարողությունները և գիտելիքներն են կիսում ներկաների հետ՝ աջակցելով նրանց սոցիալ-հոգեբանական  վերականգնմանը։