Ռոբոտաշինության ճամբարը համախմբեց Սիրիայից, Աֆղանստանից, Թուրքիայից և Իրաքից Հայաստան տեղափոխված փախստական երիտասարդներին

2019 թվականի հուլիսի 25-ից օգոստոսի 3-ը Վարդենիս ԵՄՔԱ-ում կազմակերպվել էր «Ռոբոտաշինության ամառային ճամբար»՝ «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) նախաձեռնությամբ՝ Հայաստանում ապաստանած խոցելի փախստական երիտասարդների համար։

Ճամբարը կազմակերպվել էր «Աջակցություն խոցելի սիրիահայ  երիտասարդներին և նրանց խնամակալներին» ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ Պետքարտուղարության Բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոյի փախստականների համար նախատեսված «Ջուլիա Թաֆթ» հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Ռոբոտաշինության ճամբարին իրենց մասնակցությունն ունեցան 8-17 տարեկան 25 փախստական պատանիներ և երիտասարդներ Սիրիայից, Աֆղանստանից, Իրաքից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից և Թուրքիայից, ովքեր ճամբարի ողջ ընթացքում գիտելիքներ ձեռք բերեցին ծրագրավորման, եռաչափ մոդելավորման և ռոբոտաշինության մասին: Մասնակիցները սովորեցին «Աղվես» և «Կրիա» համակարգչային ծրագրերը, պատրաստեցին անիմացիաներ, խաղեր, հավաքեցին ռոբոտ կոնստրուկտորներ, ծանոթացան Arduino և IDE ծրագրավորման միջավայրին անհրաժեշտ սարքավորումներին, ինչպես նաև ստեղծեցին եռաչափ մոդելներ:

Օգոստոսի 2-ին տեղի ունեցավ ճամբարի փակման արարողությունը, որին ներկա էին ներկայացուցիչներ Հայաստանում ամերիկյան դեսպանությունից և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակից (ՄԱԿ ՓԳՀ):

Խոսքով հանդես եկավ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի Գործադիր տնօրեն Սարգիս Բալխյանը, ով շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Պետքարտուղարությանը և Հայաստանում ամերիկյան դեսպանությանը ծրագրի հովանավորության համար, մատնանշելով Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Մարդու իրավունքների հարցերով պատասխանատու պրն. Սոմեր Բեսիր-Բրիերսի աջակցությունը, ինչպես նաև դեսպանատան քաղաքական գծով օգնական, ամառային ճամբարի կազմակերպման հարցով համակարգող-օգնական, ինչպես նաև վերջին մի քանի տարիներին Հայաստանում սիրիահայ փախստականների պաշտպանությամբ զբաղվող տկն. Լիլիթ Անտոնյանի ներդրումը:

«Փախստականների մասին մտածելիս մենք հաճախ պատկերացնում ենք հրատապ մարդասիրական կարիքներ ունեցող մարդկանց խումբ: Մենք ուշադրություն չենք դարձնում այն հսկայական պոտենցիալի վրա, որը նպաստում է ոչ միայն ինքնազարգացմանը, այլև հյուրընկալող երկրի հասարակության զարգացմանը, – նշեց «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սարգիս Բալխյանը, – Ամառային այս ճամբարը առանձնահատուկ էր, քանի որ կենտրոնացած չէր Հայաստանում սիրիահայերի համար կազմակերպվող ճամբարների համար մշտապես առանցքային հանդիսացող սոցիալական կամ տնտեսական ինտեգրման թեմաների վրա, այլ վերաբերում էր ամբողջ աշխարհից, ներառյալ Աֆղանստանից, Իրաքից, Սիրիայից և Թուրքիայից Հայաստան տեղափոխված փախստական երիտասարդների հմտությունների զարգացմանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Այս երիտասարդները ծանոթացան աշխարհում ամենակարևոր լեզվին՝ զրոների և մեկերի երկուական կոդին»:

Պրն Բալխյանը նաև ողջունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Մարդու իրավունքների և քաղաքական հարցերով նորանշանակ պատասխանատու տիկին Քրիստինա Հանսելին և «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի անունից պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը ԱՄՆ դեսպանատան հետ՝ Հայաստանում ապաստանած փախստականների համար նորարարական և կայուն լուծումներ գտնելու գործում:

 Ելույթով հանդես եկավ նաև ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Քրիստինա Հանսելը, ով մասնավորապես նշեց. «ԱՄՆ Պետքարտուղարությունը մշտապես փախստականների կողքին է և շարունակելու է իր աջակցությունը ցույց տալ Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երիտասարդներին: Ուրախ եմ տեսնել, որ այս ծրագրի շնորհիվ երեխաները ձեռք բերեցին գիտելիքներ ռոբոտաշինության ոլորտի մասին և հույս ունեմ, որ շատերի համար այս ծրագիրը կդառնա հիմնաքարային՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետագա մասնագիտական գործունեություն ծավալելու համար»:

Պրն Բալխյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ին՝ ի դեմս միջոցառմանը ներկա գտնվող արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանին, 2012թ.-ից Հայաստանում ապաստանած սիրիահայ փախստականներին պաշտպանելու հարցում ներդրած ջանքերի համար:

Տիկին Անահիտ Հայրապետյանը բարձր գնահատեց «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի ջանքերը՝ տեղահանված երիտասարդների պաշտպանության գործում և  կարևորեց նմանատիպ ծրագրերի իրականացումը փախստական երեխաների կյանքում, որոնք հետագայում հիմք են դառնում նրանց ճակատագրերի փոփոխության համար:

Միջոցառման ընթացքում մասնակից ճամբարականները կիսվեցին իրենց տպավորություններով, համառոտ ներկայացրեցին 10-օրյա ճամբարի ընթացքում յուրացրած ծրագրերը, ապա ցուցադրեցին իրենց պատրաստած ռոբոտներն ու անիմացիաները: Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ճամբարին մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար և իրենց ցանկությունը հայտնեցին հետագայում ևս ընդգրկվել նմանատիպ դասընթացներում:

Միջոցառման ավարտին ճամբարականներին հանդիսավոր արարողությամբ շնորհվեցին հավաստագրեր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի կողմից: