«Սիրիական ճգնաժամը և տարածաշրջանային մարտահրավերները». Հանդիպում-քննարկում սիրիահայ և շվեդ ուսանողների միջև

 

2019թ. նոյեմբերի 19-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի («ՀԱԼԵՊ» ՀԿ) գրասենյակում կայացավ հանդիպում-քննարկում սիրիահայ երիտասարդների և Շվեդիայի Լունդի համալսարանի քաղաքական և տնտեսական ասոցիացիայի անդամների միջև: Հանդիպման թեման էր «Սիրիական ճգնաժամը և տարածաշրջանային մարտահրավերները», որն անցկացվում էր «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում:

Հանդիպումը մեկնարկեց «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սարգիս Պալխեանի ողջույնի խոսքով. «Ուրախ ենք «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գրասենյակում ձեզ հյուրընկալելու և ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում գտնվող սիրիական խնդրի շուրջ քննարկում ծավալելու համար»: Սարգիս Պալխեանը նշեց, որ հանդիպման այս ձևաչափը հնարավորություն է ընձեռում սիրիահայերին ծանոթանալու սիրիական հակամարտության շուրջ օտարերկրացի երիտասարդների տեսակետներին, իսկ հանդիպման հյուրերը հնարավորություն կունենան մոտիկից ծանոթանալ սիրիական պատերազմի արդյունքում Հայաստան տեղափոխված երիտասարդներին:

Մեկնարկից հետո ուսանողները ծանոթացան միմյանց հետ՝ ներկայացնելով իրենց համալսարանական կրթությունը և հետաքրքրությունը սիրիական խնդրի նկատմամբ:

Հանդիպման ընթացքում պրն. Պալխեանն անդրադարձավ սիրիական ճգնաժամի ներկա դրությանը, պատերազմի բոլոր հակամարտող կողմերին և պատասխանեց ուսանողների կողմից հնչեցված հարցերին: Անդրադարձ կատարվեց այնպիսի կարևոր հարցերի, ինչպիսիք են ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված իրավունքները, սիրիահայերի աշխատանքային պայմանները և տեղեկացվածությունը սեփական իրավունքներից:

Հանդիպման հյուրերը հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն անմիջապես ուղղելու սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ երիտասարդներին, ծանոթանալ նրանց խնդիրներին, այն դժվարություններին, որոնց բախվել են հայաստանյան հասարակությանն ինտեգրվելիս, ինչպես նաև նրանց հետագա ծրագրերին ու նպատակներին:

Ջերմ մթնոլորտում ուսանողները ներկայացրեցին մերձավորարևելյան իրադարձությունների շուրջ իրենց տեսակետներն ու կանխատեսումները: Քննարկումն առավել անմիջական մթնոլորտում շարունակվեց «Ալեպպո Քուիզին» կենտրոնի կողմից պատրաստված միջինարևելյան խոհանոցի յուրահատուկ հյուրասիրության ներքո: Շվեդ ուսանողները իրենց շնորհակալությունը հայտնեցին մերձավորարևելյան իրադարձությունների շուրջ արդյունավետ քննարկման և վերլուծության համար, որն իրենք կարող են օգտագործել իրենց հետազոտական աշխատանքներում:

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից և իրականացվում «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Երիտասարդական նման միջոցառումների նպատակն է նոր գիտելիքներ հաղորդել սիրիահայ երիտասարդներին, զարգացնել նրանց վերլուծական միտքն ու ծավալել տարբեր ոլորտներին վերաբերող քննարկումներ: