Սիրիահայերի համար նոր աշխատավայրի՝ «Ալեպպօ Քուիզին» կենտրոնի պաշտոնական երկրորդ նախաբացումը

2018 թ-ի փետրվարի 9-ին տեղի ունեցավ «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծված «Ալեպպօ Քուիզին» կենտրոնի երկրորդ նախաբացումը։

«Ալեպպօ Քուիզին» կենտրոնի երկրորդ նախաբացումը նշանավորում էր «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության համագործակցությունը:

Մասնավորապես, «Ալեպպօ Քուիզին» կենտրոնի խոհանոցային տեխնիկայի, գործիքների և սպասքի ձեռքբերումը հնարավոր դարձավ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ֆինանսական օժանդակության շնորհիվ: Այժմ կենտրոնում առկա են բարձրորակ սարքավորումներ, որոնք գործածվելու են սիրիահայ խոհարարների կողմից՝ արևելյան համեղ կերակրատեսակներ պատրաստելու համար:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) նաև աջակցել է «Ալեպպօ Քուիզին» կենտրոնի աշխատակազմի վերապատրաստման դասերընացների կազմակերպմանը, որի ընթացքում «Ալեպպօ Քուիզին» կենտրոնի արդեն ձևավորված սիրիահայերից բաղկացած աշխատակազմը ստացել է համապատասխան գիտելիքներ և հմտություններ՝ խոհանոցում առավել արդյունավետ և մասնագիտորեն աշխատելու համար:

Երկրորդ նախաբացման պատվարժան հյուրերն էին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» (PSD SC) ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն ու Տեր և Տիկին Վրեժ և Քրիստին Քոլանճյանները:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանը, բարերար Վրեժ Քոլանճյանը և PSD SC ծրագրի ղեկավար Վիլհելմ Հյուգոն միասին կտրելով կարմիր ժապավենը՝ հայտարարեցին «Ալեպպօ Քուիզին» կենտրոնի երկրորդ նախաբացումը:

Ժապավենը կտրելուն հետևեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանի ողջույնի և երախտիքի խոսքը: Տիկին Բալխյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց պրն. Վիլհելմ Հյուգոյին՝ նշելով` «GIZ-ը ոչ միայն հոգաց «Ալեպպօ Քուիզինի»-ի գործունեութեան համար խիստ կարևոր խոհանոցային պարագաների ձեռք բերումը, այլև ֆինանսավորեց խոհանոցի աշխատանքներու արդյունավետ մեկնարկին և շարունակական գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական աջակցությունն ու խորհրդատվությունը՝ նպատակ ունենալով ապահովել խոհանոցի գործունեության յուրաքանչյուր բաղադրիչի օգտավետ կատարողականութիւնը։ Տեխնիկական աջակցություն տրամադրղ այս վերապատրաստման դասընթացներուն շնորհիւ արդեն ձիւաւորուած է խոհանոցի ողջ աշխատակազմը, իւրաքանչիւրը ձեռք բերելով իր հաստիքին համապատասխան գիտելիքներ ու հմտութիւններ»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև GIZ-ի PSD SC ծրագրի ղեկավար պրն. Վիլհելմ Հյուգոն՝ նշելով, որ Գերմանիայի միջազգային համագործակցությունը շատ ուրախ է աջակցել «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին նման հրաշալի ծրագիրը կյանքի կոչելու գործում: «Սիրահայերը հայտնի են իրենց ձեռնարկատիրական ոգով և հարուստ մշակույթով: Մենք ոգևորված ենք նման ծրագրի շրջանակներում սիրիահայերին՝ հատկապես սիրիահայ կանանց և խոցելի խմբերին աշխատանքով ապահովելու համար, և հուսով ենք՝ ծրագիրը նորանոր հաջողությունների է հասնելու՝ ավելի շատ աշխատատեղեր ստեղծելով սիրիահայերի համար,» – նշեց պրն. Հյուգոն:

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Սուրբ Գևորգ հայ առաքելական եկեղեցու ծխական խորհուրդի ներկայացուցիչ պրն. Վրեժ Քոլանճյանը նույնպես իր ելույթով կիսվեց հյուրերի հետ: Իր երախտիքի խոսքը հղեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի աշխատակազմին, մասնավորապես հիմնադիր նախագահ տկն. Անի Բալխյանին ջանքեր չխնայելու և ազգանվեր գործունեություն ծավալելու համար:

«Մեկ տարի առաջ այս ծրագիրն ընդամենը երազանք էր, սակայն, այսօր մենք տոնում ենք կենտրոնի նախաբացումը: Ես կարծում եմ, որ սա դեռ առաջին քայլն է, և դեռ նորանոր հաջողություններ ենք ունենալու սիրիահայերի բարեկեցիկ ապագան ապահովելու գործում» – ավելացրեց պրն. Քոլանճյանը:

Նախաբացման արարողության ներկաներին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործադիր տնօրեն Սարգիս Բալխյանը մանրամասնորեն ներկայացրեց «Ալեպպօ Քուիզին» կենտրոն ծրագիրը: Անդրադարձ կատարելով ծրագրի մշակման ու կյանքի կոչման փուլերին՝ պրն. Բալխյանը ներկայացրեց ծրագրի գլխավոր առանձնահատկությունները, ինչպիսիք են խոհանոցի գործունեությունից գոյացած շահույթի ուղղումը սիրիական հակամարտության հետևանքով փախստական դարձած և Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար նոր աշխատատեղեր հիմնելը և սիրիահայ ընտանիքներին մարդասիրական օգնություն տրամադրելը,  ծրագրի ընդլայնման նոր հնարավորությունները, աշխատողների ավելի ճկուն աշխատաժամանակով աշխատելու հնարավորությունը, խոհանոցի հարուստ ճաշացանկը և այլն:

Պաշտոնական մասի ավարտից հետո հանդիպման մասնակիցների համար պատրաստված էր փոքրիկ հյուրասիրություն: Ներկաները մեկ գավաթ գինով նշեցին կենտրոնի բացումը:

«Ալեպպօ Քուիզին» կենտրոնի նախաբացման արարողությանն իրենց մասնակցությունն էին բերել նաև «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործընկերները:

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը, որի գործունեությունն ամբողջովին ուղղված է Հայաստանում ապաստանած սիրիահայ համայնքի խնդիրների վերհանմանն ու համապատասխան լուծումներ գտնելուն՝ 2017 թվականից իր աշխատանքներն ուղղել է Հայաստանում սիրիահայերի զբաղվածության խնդրի լուծմանը՝ նախաձեռնելով և մեկնարկ տալով «Ալեպպo Քուիզին» կենտրոն սոցիալական ծրագրին։

Նկատի ունենալով սիրիահայերի, մասնավորապես սիրիահայ կանանց շրջանում առկա գործազրկության բարձր մակարդակը և հաշվի առնելով նրանց հիմնական կարողություններից խոհարարական հմտությունների տիրապետումը՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը հիմնում է «Ալեպպօ Քուիզին» կենտրոնը, որը նպատակ ունի աշխատատեղեր ստեղծել սիրիահայ կանանց համար և նպաստել Հայաստանում նրանց տնտեսական ու սոցիալական զարգացմանը:

«Ալեպպօ Քուիզին» կենտրոնի հիմնումը նպատակ ունի նաև խթանել հատուկ կարիքներ ունեցող սիրիահայերի ներգրավումը քաղաքացիական կյանքում:

Ծրագրի շահառուներն են գործազուրկ սիրիահայերը, հատուկ կարիքներ ունեցող սիրիահայերը։

«Ալեպպօ Քուիզին» կենտրոնի ստեղծումը կարևորում է այն գաղափարը, որ խոհանոցի գործունեությունից գոյացած շահույթը ծառայելու է սիրիական հակամարտության հետևանքով փախստական դարձած և Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար նոր աշխատատեղեր հիմնելուն և սիրիահայ ընտանիքներին մարդասիրական օգնություն տրամադրելուն։