Սիրիահայերի մանկապատանեկան ակումբը պատրաստվում է տոնական հանդեսի

2018թ. Հունվարի 20-ին սիրիահայ մանուկները «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում կրկին համախմբվել էին հերթական մանկապատանեկան հավաքի շուրջ։

Հանդիպման սկզբում շարունակվեցին առաջիկա հանդեսի փորձերը, որտեղ երեխաները սովորեցին նոր երգեր և բանաստեղծություններ: Նվիրված Սուրբ ծննդյանը՝ այդ հանդեսը տեղի կունենա շաբաթ օրը՝ փետրվարի 3-ին, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում:

Օրվա կրթական մասը նվիրված էր աշխարհագրությանը: Երեխաները սովորեցին հետաքրքիր փաստեր աշխարհագրության մասին՝ ուսուցանող խաղերի միջոցով:

Հավաքի ավարտին երեխաները նշեցին փոքրիկ Սիլվիի ծննդյան տարեդարձը, ով այդ օրը դարձավ 6 տարեկան: Երեխաները խաղեր խաղացին, երգեցին, համտեսեցին թխվածքաբլիթներ՝ ամփոփելով հերթական հանդիպումը:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնած մանկապատանեկան հավաքների նպատակը սիրիահայ մանուկներին և պատանիներին տրամադրելն է գիտելիքներ և հմտություններ, որոնք անձի զարգացման համար մեծ նշանակություն ունեն։

Ուշադրություն, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 4-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար:

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն այսուհետ կլինի Հյուսիսային պողոտա 11 հասցեն (-1 հարկ)։

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։