Սիրիահայության մշակույթի օրերին նվիրված փառատոն Հայաստանում

2015թ-ի հունիսի 19-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության, Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի՝ DVV International, «Հայ դերասաների միություն» հասարակական կազմակերպության և «ՄԻՀՐ Ստեղծագործողների Միություն» մշակութային հասարարակական կազմակերպության կողմից մեկնարկեց «Ասանկ-անանկ» ութօրյա փառատոնը։

Վերջինս հնարավորություն է ընձեռում առավել մանրամասնորեն ծանոթանալու և ձեռք բերելու ճանաչողական գիտելիքներ Մայր գաղութի՝ Հալեպի վարք ու բարքի վերաբերյալ։ Փառատոնն իր մեջ ամփոփելով սիրիահայության մշակութային ավանդույթները՝ ներկայացնում է Արևմտյան Հայաստանի ձեռագործ աշխատանքի հազվագյուտ նմուշները, արևմտահայ գրողների ստեղծագործությունները: Փառատոնը ներառում է նաև թեմատիկ ցուցահանդես, քերմես, ֆիլմերի ցուցադրություն, դասախոսություն, թեյըմպում, սիրիական ճաշատեսակի և քաղցրավենիքի հյուրասիրություն, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում ծանոթանալ Սիրիայի պատմական վայրերին լուսանկարների միջոցով։

Փառատոնի բացումը տեղի է ունեցել Հայաստանի Ճարտարապետության Ազգային Թանգարան-Ինստիտուտում։ Ողջույնի խոսքով հանդես են եկել Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի՝ DVV International-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Լուսինե Խառատյանը, Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն Աշոտ Հայկազուն Գրիգորյանը, «Միհր» թատրոնի գեղարվեստական ղեկավար Ցոլակ Մլքե-Գալստյանը, իսկ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կողմից ողջույնի խոսքով հանդես է եկել կազմակերպության հիմնադիր նախագահ Անի Բալխյանը։ Վերջինս ողջունելով և կարևորելով նմանատիպ ծրագրերի իրականացումը՝ շնորհակալություն է հայտնել այն կառույցներին և անհատներին, որոնք իրենց նվիրված աշխատանքով մեծապես նպաստել են այս միջոցառման իրականացմանը։

Փառատոնի իրականացման աշխատանքներին աջակցություն է ցուցաբերվել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, «Դեպի Հայք» Հիմնադրամի, Հայաստանի Ճարտարապետության Ազգային Թանգարան-Ինստիտուտի, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի և Երևանի Մետրոպոլիտենի կողմից։
Փառատոնը տևելու է մինչև 2015թ-ի հունիսի 26-ը։