Սիրիահայ երիտասարդները` անցյալի և ապագայի խաչմերուկում

2018թ. նոյեմբերի 16-18-ը Աղվերանում տեղի ունեցավ «Անցյալի հիշողություններ և ապագա» դասընթացը, որը կազմակերպվել էր «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից և իրականացվում «Հալեպ» հայրենակացական բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:

Դասընթացավարները` Գյումրիի «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի ներկայացուցիչները 2006-2009 թվականների ընթացքում պատրաստվել են Գերմանիայում` OWEN (Mobile Academy for Gender Democracy and Promotion of Peace) ծրագրի շրջանակում (www.omnibus1325.de), որը ներգրավել է հյուսիսային և հարավային Կովկասի խաղաղաշինական գործընթացով զբաղվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և մասնագետների: Հատուկ մեթոդոլոգիայով մշակված դասընթացի մոդուլներից մեկը վերաբերում էր պատմական հիշողությունների վերլուծությանը, որը հետագայում, որպես առանձին թեմա, Հայաստանի ներկայացուցիչները դասավանդել են Հայաստանի (Գյումրի, Վանաձոր) և Վրաստանի երիտասարդներին:

Դասընթացի 22 մասնակիցները`սիրիահայ և Շիրակի մարզի գյուղաբնակ երիտասարդներ, սովորեցին վերլուծել և ուղղորդել սեփական անձի, ընտանիքի, ազգային և համայնքային հիշողությունները` առանց վնասելու ապագան, փոխանցել հիշողությունները ապագա սերունդներին, լինել հիշողության կրող ու փոխանցող և, միևնույն ժամանակ, կարողանալ կառուցել լիարժեք ապագա նոր միջավայրում և նոր պայմաններում:

Դասընթացավար, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի նախագահ Գոհար Մարկոսյանն ընդգծում է. «Սա սիրիահայ երիտասարդների հետ աշխատելու առաջին փորձն էր: Բավական խոցելի խումբ է, իսկ հուշերն ու պատմությունը զգայուն թեմաներ են, ուստի ցանկանում էի զգուշավոր լինել խոսքերումս, որպեսզի չվնասեմ: Երիտասարդների հետ մեր զրույցը բաց ստացվեց հենց առաջին իսկ օրից և լավ ընթացավ, ինչի համար շատ ուրախ եմ: Անկեղծ զրույցն ամենակարևորն էր»:

Եռօրյա դասընթացի ավարտին երիտասարդները զբաղվեցին ստեղծագործ աշխատանքով` գրելով էսսեներ և ստեղծելով յուրահատուկ նկարներ` արտացոլելով ապագայի մասին իրենց մտորումները նոր Հայաստանում:

Ինչպես մասնակից երիտասարդներից մեկը նշեց` «Անցյալը մերն է, սակայն մեր ձեռքերում չէ, իսկ ապագան մեր ձեռքերում է»: