Սիրիահայ երիտասարդների այցելությունը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ դիտելու Ա. Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը

2019թ. մարտի 30-ին «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում սիրիահայ երիտասարդները դիտեցին աշխարհահռչակ հայ երգահան և կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը:

Չնայած նրան, որ սիրիահայ երիտասարդների մեծ մասն ապրում է Հայաստանում տարիներ շարունակ, սա նրանց առաջին այցն էր օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ Սիրիայից Հայաստան տեղափոխվելուց հետո:

Մասնակիցներից Լիլիթ Հովակիմյանը նշում է. «Առաջին անգամ էի դիտում այսպիսի հիասքանչ ներկայացում, Ա. Խաչատրյանի այս գլուխգործոցն իսկապես հրաշալի էր և հոգեպես կրթող: Լիահույս եմ, որ նմանատիպ այցելությունները մշակութային կենտրոններ կդառնան ծրագրի անբաժան մասը»:

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն այցելությունը կազմակերպվել է սիրիահայ երիտասարդ Սերլի Թեքայանի կողմից, ով համակարգում է «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի հոգևոր-հոգեբանական աջակցության բաղադրիչը:

Ծրագիրն իրականացվում է «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից՝ Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսավորմամբ: Հոգևոր-հոգեբանական աջակցության նպատակն է սիրիահայ երիտասարդների մշակութային և հոգևոր արժեքների հարստացումը, այդպիսով, հեշտացնելով նրանց ինտեգրումը հայաստանյան հասարակական կյանքին: