Սիրիահայ երիտասարդների ուխտագնացությունը դեպի Տաթևի վանական համալիր

2018 թվականի հունիսի 9-ից 10-ը «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում մի խումբ սիրիահայ երիտասարդներ ուղևորվեցին դեպի Սյունիքի մարզ և այցելեցին Տաթևի վանական համալիր, Քարահունջ («Զորաց քարեր») և Նորավանք: Ուխտագնացության նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել Տաթևի վանքին, որը դարեր շարունակ եղել է հզոր հոգևոր և կրթամշակութային կենտրոն, կարևոր դեր է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ:

«Այսպիսի ուխտագնացությունները շատ կարևոր են մեզ համար, քանի որ կարճ ժամանակի ընթացքում շատ բան սովորեցինք Հայաստանի աշխարհագրության և պատմության մասին: Ընկերական միջավայրում ավելի հեշտ է այս ամենն ընկալել, քան գրքերում կարդալով,» – կիսվեց մասնակիցներից մեկը:

Սիրիահայ երիտասարդներն օգտվեցին հանրահայտ «ՏաԹևեր» ճոպանուղուց, և թեև շատերն անհանգստանում էին, որ իրենց կյանքը բառի բուն իմաստով «թելից է կախված», սակայն շուտով համոզվեցին, որ ճոպանուղին անվտանգ է, և ողջ երթի ընթացքում հիացան Սյունիքի զառիթափ ժայռերով և մոգական բնությամբ:

«Մենք իսկապես Աստծո կողմից օրհնված ազգ ենք: Այս պատերին նայելով դա եմ զգում,» – իր մտքերով կիսվեց մասնակիցներից մեկը: Նա շատ ուրախ էի հանդիպելու Տաթևի վանահայր Հայր Միքայել աբեղա Գևորգյանին: Ուղևորության մասնակից Կառլոսը կիսվեց իր տպավորություններով. «Շատ ուրախ եմ, որ նման ծրագրի եմ մասնակցում: Մասնագիտությամբ ճարտարապետ եմ և շատ եմ սիրում հայկական ճարտարապետությունը: Ինձ կարևոր է Հայաստանում շրջագայելն ու եկեղեցիների ճարտարապետությանը ծանոթանալը,» – նշեց նա:

Մասնակիցները շատ տպավորված էին ուխտագնացությամբ և հիանալի տրամադրությամբ վերադարձան Երևան: Նրանք ոչ միայն հայաստանյան կարևոր հոգևոր կենտրոնների մասին նոր գիտելիքներ ստացան, այլև  նրանք նոր ընկերներ ձեռք բերեցին և իրենց տպավորություններով ու փորձով կիսվեցին: