«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի մեկտարյա գործունեության ամփոփիչ միջոցառումը

2019թ. հունիսի 11-ին Էրեբունի պլազա բիզնես կենտրոնում կայացավ «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) և ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի մեկտարյա արդյունքների ամփոփումը:

Հանդիպմանը ներկա էին գործընկեր կառույցների ներկայացուցիչներ`«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ից, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունից, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակից, «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպությունից, «Հայկական բարեգործական ընդհանուր միությունից» (ՀԲԸՄ), «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ից, «Միջազգային համագործակցության խնայաբանկերի հիմնադրամ»-ից, դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ, ծրագրի շահառու երիտասարդներ և այլ հյուրեր:

Ներկաների առջև ողջույնի խոսքով հանդես եկավ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանը, ով իր շնորհակալությունը հայտնեց Կլոր սեղան հիմնադրամին՝ երիտասարդական այս մեծ կարևորություն ունեցող ծրագրի աջակցության համար: Տկն. Բալխյանը շնորհավորեց ծրագրի շահառու այն երիտասարդներին, ովքեր «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում մասնակցել են տարբեր դասընթացների և բարեհաջող ավարտել այն: Հիմնադիր նախագահը հորդորեց երիտասարդներին էլ ավելի նպատակասլաց լինել և հասնել նորանոր հաջողությունների:

Անի Բալխյանի ելույթից հետո ցուցադրվեց տեսաֆիլմ՝ «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում՝ 2018թ. մարտ ամսից մինչև 2019թ. մայիս ամիս իրականացված գործունեության մասին:

Տեսաֆիլմից հետո, «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սարգիս Պալխեանն ամփոփ ներկայացրեց «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը, ծրագրի շրջանակներում ունեցած ձեռքբերումներն ու մեկ տարվա ընթացքում առաջադրված թիրախային նպատակների իրականացումը։

Հաջորդիվ կրկին ցուցադրվեց տեսաֆիլմ՝ նվիրված ապրիլի 11-14-ը Աղվերանում կայացած՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների սեմինարի մասին, որն իրականացվել էր վերոհիշյալ ծրագրի շրջանակում:

Այնուհետև, ծրագրի շրջանակում հաշվապահական, ճարտարապետական Autodek Revit, TOEFL և Premier Pro դասընթացների, ինչպես նաև համալսարանական կրթավճար ստացած մի քանի մասնակիցներ ցանկություն հայտնեցին արտահայտել իրենց խոսքը և երախտագիտությունը ծրագրի կազմակերպիչներին՝ իրենց նման հնարավորություն ընձեռելու և ստացած տեսական ու գործնական գիտելիքների կապակցությամբ։

Վերոնշյալ դասընթանցերի հավաստագրերի հանձնման համար բեմ հրավիրվեցին «Սքիլլշոփ» և «Էդուքեյշնլ փլանետ» ուսումնական կենտրոնների և «Այ Սի Էլ Թի» լեզուների և վերապատրաստման միջազգային կենտրոնի ներկայացուցիչները։

«Սքիլլշոփ» ուսումնական կենտրոնի տնօրեն Արեգ Քեշիշիանը բարձր գնահատեց «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի և ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան հիմնադրամի համատեղ գործունեությունը՝ ծրագրի շրջանակներում սիրիահայ երիտասարդներին տրվող հնարավորությունների ու հեռանկարների համար, որին հետևեց ճարտարապետական Autodek Revit դասընթացի մասնակիցների հավաստագրերի հանձնումը:

Ելույթով հանդես եկավ նաև «Էդուքեյշնլ փլանետ» ուսումնական կենտրոնի տնօրեն Ռուզաննա Ալեքսանյանը։ Վերջինս մատնանշեց «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի կարևորությունը սիրիահայ երիտասարդների տեսական և գործնական գիտելիքների ձեռքբերման և Հայաստանում աշխատանք գտնելու գործում: Տիկին Ալեքսանյանն իր գոհունակությունը հայտնեց նոր ու հաճելի ծանոթությունների կապակցությամբ և խրախուսեց սիրիահայ երիտասարդներին գործնականում օգտագործել հաշվապահական դասընթացի արդյունքում ձեռք բերված գիտելիքները, որին հետևեց դասընթացի մասնակցիների հավաստագրերի հանձնումը:

Այնուհետև խոսքը տրվեց «Այ Սի Էլ Թի» կենտրոնի ներկայացուցիչ Ալլա Իվանյանին, ով մեծ հանդիսավորությամբ TOEFL-ի դասընթացի մասնակիցներին հանձնեց հավաստագրերը և իր շնորհակալությունը հայտնեց ծրագրի կազմակերպիչներին, մասնակիցներին էլ մաղթելով նորանոր ձեռքբերումներ ըստ իրենց կենտրոնի կարգախոսի՝ “Learn for life”- Սովորիր կյանքի համար:

Հավաստագրերի հանձնումից հետո, ամփոփիչ ելույթով հանդես եկավ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանը, ով մատնանշեց ծրագրի շրջանակում իրենց առջև դրված նպատակների լիարժեք իրականացումը, իր խորին շնորհակալությունը հայտնեց ծրագրի իրականացմանն աջակցող կառույցներին, ծրագրի մասնակիցներին և պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հետ և կյանքի կոչել նորանոր ծրագրեր՝ ուղղված Հայաստանում սիրիահայ երիտասարդների կարողությունների զարգացմանն ու կայացմանը:

Միջոցառման ավարտից հետո ներկաները տեղափոխվեցին  հյուրասիրության սրահ, որտեղ ճաշակեցին «Ալեպպո Քուիզին» կենտրոնի արևելյան կերակրատեսակները և շարունակեցին շփումն էլ ավելի ջերմ մթնոլորտում:

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի նպատակն է Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայ երիտասարդների կարողությունների զարգացումը, կրթաթոշակների և ֆինանսական աջակցության տրամադրումը, ինչպես նաև հոգևոր-հոգեբանական աջակցությունը: 2018թ. մարտ ամսից ի վեր, ավելի քան 250 սիրիահայ, իրաքահայ և տեղացի երիտասարդներ իրենց մասնակցությունն են ունեցել ծրագրի տարբեր դասընթանցերին և միջոցառումներին: