Սիրիահայ երիտասարդ ճարտարապետների և ինտերիեր դիզայներների հանդիպումը ճարտարապետության ոլորտում գործող առաջատար ընկերությունների հետ

2019թ. մայիսի 29-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի («ՀԱԼԵՊ» ՀԿ) գրասենյակում կայացավ սիրիահայ երիտասարդ ճարտարապետների, ինտերիեր դիզայներների հանդիպումը Հայաստանում ճարտարապետության և շինարարության ոլորտում գործող առաջատար և հեղինակավոր ընկերությունների հետ: Մասնակիցները Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի` Ճարտարապետություն, Շենքերի նախագծում, Միջավայրի Դիզայն ֆակուլտետների՝ բակալավրի և մագիստրատուրայի ուսանողներ:

Հանդիպումը կազմակերպվել էր «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի կողմից՝ ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Հանդիպման հյուրերն էին «Ուրբան Յունիթ» ճարտարապետական և շինարարական ընկերության, «ԶԱԱՐՏ» ճարտարապետական ստուդիայի, «Պոլիլայն» ճարտարապետական ստուդիայի, «Կասկադ Հիլզ» բազմաբնակարանային համալիրի և «Սքիլլշոփ» ուսումնական կենտրոնի ներկայացուցիչները:
Հանդիպման բանախոսները սիրիահայ երիտասարդներին ներկայացրեցին իրենց՝ համապատասխան կառույցների գործունեությունը, նախագծերը, ընթացիկ աշխատանքները և այն որակավորումներն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են այս ոլորտում աշխատանք գտնելու համար: Ներկայացուցիչները ներկայացրեցին նաև իրենց ընկերություններում պրակտիկայի հնարավորությունների մասին և մասնակիցներին առաջարկեցին ցանկության դեպքում ուղարկել իրենց պորտֆոլիոները՝ պրակտիկա անցնելու համար:

Ներկաների համար կազմակերպվել էր նաև փոքրիկ հյուրասիրություն՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի «Ալեպպո Քուիզին» կենտրոնից, որի ընթացքում էլ շարունակվեց քննարկումը՝ հարցուպատասխանի տեսքով էլ ավելի անկաշկանդ մթնոլորտում: