«Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի Գլխավոր քարտուղար Ռուդելմար Բուենո դե Ֆարիայի հանդիպումը սիրիահայ և իրաքահայ երիտասարդների հետ՝ Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության գրասենյակում

 

2019թ. մայիսի 16-ին «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի համագործակցությամբ, սիրիահայ, իրաքահայ և տեղացի երիտասարդները հանդիպեցին «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի Գլխավոր քարտուղար Ռուդելմար Բուենո դե Ֆարիայի հետ, որն անցկացվեց Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության գրասենյակում:

Հանդիպման ընթացքում դաշինքի Գլխավոր քարտուղարը երիտասարդներին ներկայացրեց կազմակերպության լայնամասշտաբ գործունեությունը՝ ընդգծելով կազմակերպության համագործակցությունն ավելի քան 150 հավատքահեն ու եկեղեցապատկան կառույցների և եկեղեցիների հետ, ինչպես նաև 125 երկրներում իրականացվող հումանիտար առաքելության մասին:

Միջոցառման ընթացքում, «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի և Կլոր սեղան հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց՝ վերջերս իրականացրած ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) մասին 4-օրյա սեմինարը, ինչպես նաև ցուցադրեցին տեսաֆիլմ սեմինարի մասին: Սեմինարի մի շարք մասնակիցներ ներկայացրեցին նաև իրենց կարծիքն ու առաջարկները Հայաստանում ԿԶՆ-ի իրականացման վերաբերյալ:

Գլխավոր քարտուղարը բարձր գնահատեց հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի կողմից կազմակերպված սեմինարը՝ նշելով, որ ԿԶՆ-ի իրականացումը հնարավոր է միայն համախմբված երիտասարդների ջանքերի շնորհւվ: Դաշինքի Գլխավոր քարտուղարը կոչ արեց երիտասարդությանն իր ներդրումն ունենալ և նոր ծրագրեր մշակել՝ ուղղված ԿԶՆ-ի իրականացմանը: