Սիրիահայ հատուկ կարիքներ ունեցող անձանց «Արևիկ-Հայաստան» կենտրոնը

Սիրիական հակամարտությունը Հայաստանի հանրապետություն հասցրեց հազարավոր սիրիահայերի, նրանց շարքում էին Հալեպում տասներեք տարիներ գործունեություն ծավալած «Արևիկ» հատուկ կարիքներ ունեցող սիրիահայերի կենտրոնի խնամակալության և ուսուցչական կազմերի ու սաների ընտանիքները։

«Արևիկ» կենտրոնը, որը Հալեպում լուսավորել էր հաշմանդամության խնդիր ունեցող բազմաթիվ երեխաների առօրյան՝ ստիպված փակել էր դռները՝ կուլ գնալով պատերազմին։

Նկատի ունենալով` «Արևիկ» կենտրոնի արդեն ընտանիք դարձած աշխատակազմի անդամների ու սաների մեծամասնությունը Հայաստանում են, կենտրոնի խնամակալության անդամների մոտ գաղափար ծագեց վերաբացելու «Արևիկ» կենտրոնը։

Գաղափարը ներկայացվեց «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ին՝ նկատի ունենալով կառույցի բարեգործական գործունեությունն ի նպաստ սիրիահայ համայնքի բարօրության ապահովմանը Հայաստանում։

2014 թվականի հոկտեմբեր ամսին «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը չընկճվելով «Արևիկ» կենտրոնի գործունեության համար բավարար նյութական ռեսուրսներ, համապատասխան գույք և այլ պարագաներ չունենալուց`  համախմբեց անձնուրաց և իրենց գործին նվիրյալ անհատներին և վերաբացեց արդեն «Արևիկ-Հայաստան» դարձած կենտրոնը Հայաստանում։

Աշխարհասփյուռ բարերարների ու սրտացավ կառույցների օժանդակությամբ կենտրոնը չորս տարի շարունակ շաբաթվա հինգ օրերին անվճար հիմունքներով ներառական կրթություն ու սնունդ տրամադրեց հատուկ կարիքներ ունեցող սիրիահայ երեխաներին։

«Արևիկ-Հայաստան» կենտրոնի գործունեության կազմակերպման և իրականացման գործում մեծ եղավ կենտրոնի խնամակալության և ուսուցչական կազմի դերը, ովքեր իրենց անխոնջ աշխատանքը շարունակելով Հայրենիքում` նպաստեցին կենտրոնի ամենօրյա աշխատանքին։

Կարևորելով և մեծապես գնահատելով «Արևիկ-Հայաստան» կենտրոնի խնամակալության և ուսուցչական կազմի նվիրված աշխատանքը՝ 2018 թ-ի նոյեմբերի 15-ին «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանը՝ ի երախտագիտություն տարված աշխատանքների՝ շնորհակալագրեր հանձնեց խնամակալության և ուսուցչական կազմին։

«Մենք բոլորս գիտենք, որ հատուկ կարիքներ ունեցող անձանց հետ աշխատանքը պահանջում է անեզր գորովանք, անխոնջ ջանքեր, հաստատակամություն, անձնուրացություն ու մարդասիրություն: Սա մարդկային արժանիքներից կազմված մի ծաղկեփունջ է, որն այս տարիների ընթացքում չի խամրել ի շնորհիվ «Արևիկ-Հայաստան» կենտրոնի խնամակալության անդամների և ուսուցչական կազմի անձնվեր ճիգերի, ու զարդարել է հատուկ խնամք պահանջող սաների առօրյան», – իր խոսքում նշեց տիկին Բալխյանը։

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ի կողմից որպես երախտագիտություն՝ խորհրդանշական նվեր հանձնվեց Հալեպ քաղաքում «Արևիկ» կենտրոնի տնօրենուհի, այնուհետև Հայաստանում՝ «Արևիկ-Հայաստան» կենտրոնի խնամակալության ատենապետուհի Լուսին Շոհմելյանին։

Տիկին Շոհմելյանը հուզմունքով ընդունելով նվերը՝ նշեց,- «Անմոռանալի ու անգնահատելի են խնամակալության ու ուսուցչական կազմի կողմից տարված աշխատանքները։ Կազմի անդամներից շատերը լինելով մայր՝ իրենց մայրական սերն ու հոգածությունը նվիրեցին կենտրոնին, երիտասարդները՝ իրենց երիտասարդությունը ներդրեցին կենտրոնի աշխատանքներում՝ ամեն օր լուսավորելով հատուկ կարիքներ ունեցող երեխաների առօրյան։ Եվ իրավամբ, մեծ եղավ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի դերը կենտրոնի աշխատանքների ծավալման գործում Հայաստանում։ Գտնվելով «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հոգածության ներքո՝ «Արևիկ-Հայաստան» կենտրոնը օգնեց հատուկ կարիքներ ունեցող սիրիահայ երեխաներին գտնելու իրենց տեղ Հայաստանում»։

Հայրենիքում չորս տարիների գործունեության ընթացքում «Արևիկ-Հայաստան» կենտրոնի հատուկ կարիքներ ունեցող սաները ստացան անվճար հիմունքներով ներառական կրթություն, ինչպիսիք են մաթեմատիկայի, նկարչության, երաժշտության, ֆիզիկական դաստիարակության դասընթացները, ինչպես նաև թատրոն-թերապիայի և խոսքի զարգացման անվճար դասերը: Դասընթացների շնորհիվ պատերազմի միջով անցած հատուկ կարիքներ ունեցող երեխաները ազատվեցին լեզվական խոչընդոտներից և ձեռքբերեցին տարատեսակ հմտություններ՝ ձեռքի աշխատանքներ կատարելու համար։ Ինչպես նաև մասնակցեցին բազմաթիվ կրթամշակութային այցելությունների, հանդես եկան գեղեցիկ բեմադրություններով և հանրությանը ներկայացրեցին իրենց ձեռքի աշխատանքները։

Այս չորս տարիների ընթացքում «Արևիկ-Հայաստան» կենտրոնի աշխատանքներում իրենց աջակցություն բերեցին անհատ բարերարներ և կառույցներ, ինչպիսիք են «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը և «ԱՄՔՈՐ-Հայաստան» բարեգործական հիմնադրամը։