Սիրիահայ մանուկների շարունակական հավաքները «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի տանիքի ներքո

Ս/թ․ մայիսի 27-ին սիրիահայ մանուկները «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում կրկին համախմբվել էին հերթական մանկապատանեկան հավաքի շուրջ։

Օրակարգում «Բանակում» թեման էր։ Օրվա երաժշտական ու խաղային հատվածները երեխաները սկսեցին Զինվորի շարվածքով և բանակայիններին հատուկ  շարջումներով։ Նախ խաղացին իրենց սիրելի արագ ու ճկուն մատների խաղը, հետո արդեն բանակում դիպուկահարի փամփուշտից պաշտպանվելու խաղը, որի ժամանակ նրանք սողալով պետք է անցնեին աթոռների և սեղանների տակով։ Դե հաղթողն էլ, ինչպես միշտ, երեխաների միասնությունն ու ընկերությունն էր։

Երեխաների համար օրվա թերևս ամենաոգևորիչ հատվածը հեղինակ Հովիկ Վարդումյանի «Ավիկի Այբն ու Բեն» ստեղծագործության ընթերցումն էր, որի ժամանակ ամեն երեխա կարդաց իր անվան տառին համապատասխան  քառատողը։

Վերջում արդեն մեր շատ սիրելի երեխաները իրենց հմուտ ուսուցիչների օգնությամբ բացահայտեցին աքաղաղ ընտանի կենդանուն, որին հաջորդեց դադարը, որից անմիջապես հետո երեխաները աղոթեցին և սկսեցին ուտել։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնած մանկապատանեկան հավաքների նպատակը սիրիահայ մանուկներին և պատանիներին տրամադրելն է գիտելիքներ և հմտություններ, որոնք անձի զարգացման համար մեծ նշանակություն ունեն։

Ուշադրություն, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 4-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար:

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն այսուհետ կլինի Հյուսիսային պողոտա 11 հասցեն (-1 հարկ)։

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։