Սիրիահայ մանուկների մասնակցությունը ՄԱԿ-ի գրասենյակում կազմակերպված «Բնության զարկը» խորագրով ցուցահանդեսին

Ս/թ․ ապրիլի 25-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի մանկապատանեկան խմբի սաները  և ուսուցչական կազմը ՄԱԿ-ի գրասենյակում մասնակցեցին «Բնության զարկը» խորագրով արվեստի ցուցահանդեսին՝ կազմակերպված ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության (UNDPI) և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) կողմից։

Ցուցահանդեսին իր ուրույն աջակցությունը ցուցաբերեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը՝ ապահովելով սիրիահայ մանուկների մասնակցությունը ցուցահանդեսին։

Ցուցահանդեսը նվիրված է ամեն տարի ապրիլի 22-ին նշվող Մայր Երկրի օրվան և ՄԱԿ-ի կայուն զարգացման՝ մասնավորապես «Կյանքը Երկրի վրա» և «Խաղաղություն, Արդարություն և Ուժեղ նախաձեռնություններ» նպատակների իրագործմանը։

Ցուցահանդեսին ներկայացվեցին «Թեղուտ» ծրագրային արշավի մասնակից, բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի թեմատիկ նկարները և նրանց բազմացված տարբերակները, որոնք գունազարդվեցին սիրիահայ մանուկների և Գավառի մանկատան սաների կողմից՝ ըստ իրենց նախասիրության ու ընկալման։

Մենք անչափ բարձր ենք գնահատում այս խորհրդանշական միջոցառումը և սիրիահայ մանուկների ուղղակի ներգրավվածությունը նրանում։

ՄԱԿ-ի ապահով պատերի ներքո սիրիահայ մանուկները բացահայտեցին անփոխարինելի և կենսական նշանակության Երկիր մոլորակը, որի փոքրիկ բնակիչներն են հենց իրենք։ Մանուկները լքեցին գրասենյակը տպավորություններով, որոնք դեռ շատ երկար, վառ ու ջերմացնող կբոցկլտան իրենց հիշողություններում։