Երիտասարդները Սիրիայից, Իրաքից և Լեռնային Ղարաբաղից մասնակցեցին ամառային ճամբարի

Ս/թ. օգոստոսի 15-ից 27-ը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ և «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության ու «Առաքելություն Հայաստան» կազմակերպության աջակցությամբ կյանքի կոչվեց Վարդենիսի ԵՄՔԱ ամառային ճամբարը  Գեղարքունիքի մարզի Դարանակ համայնքում։

Ճամբարը նպատակամղված էր Հայաստանում ապաստանած փախստական պատանիների ներգրավմանը  Հայաստանի քաղաքացիական և մշակութային կյանքին։

Ճամբարին մասնակցություն ցուցաբերեցին 13-18 տարեկան  թվով 33 պատանիներ, որոնք ժամանել էին  Սիրիայից, Իրաքից և Լեռնային Ղարաբաղից։ Մասնակիցների ճնշող մեծամասնությունը, թվով 20 հոգի, կազմում էին սիրիահայ պատանիները։

Ճամբարի աշխատանքների համակարգմանը որպես ջոկատավար իր մասնակցությունն ունեցավ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ներկայացուցիչ Նարեկ Դեկերմենջյանը։

Ճամբարի բովանդակալից ընթացքը նշանավորվեց զանազան կրթական և դաստիարակչական խաղ-վարժանքերի կազմակերպմամբ, պատմամշակութային և ճանաչողական բնույթի հանդիպումների և այցերի անցկացմամբ, նոր և խոստումնալից ծանոթությունների հաստատմամբ։