Սիրով կանեմ այն` ինչ կարող եմ: Պարզապես ցանկանում եմ օգտակար լինել. Լարա Կայսերյան

«Սրանք իմ անկեղծ խոսքերն էին «Հալեպ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ում կամավորության անցնելու հարցազրույցի ժամանակ: Թեպետ որպես կամավոր իմ գործառույթը վերաբերում էր կայքի բովանդակության մշակմանը, ինձ հիացնում էին կազմակերպության բազմաթիվ ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնց ցանկանում էի աջակցել կարողություններիս սահմանում: Այն ժամանակ չէի պատկերացնում, թե ինչպես է ընդունվելու «Կանեմ այն` ինչ կարող եմ» արտահայտությունս, սակայն մեկ շաբաթ անց աշխատանքիս նկարագիրը «բովանդակություն մշակող»-ից փոխվեց «ամեն ինչ»-ի:

Միգուցե կարծեք, թե չափազանցնում եմ, բայց սպասեք: Մասնագիտությամբ ճարտարագետ ինժեներ եմ. ոլորտ, որը, իմ կարծիքով, ամենևին կիրառելի չէր մարդասիրական կազմակերպությունում: Հարցազրույցի ժամանակ հետաքրքրվեցին, թե արդյոք ցանկություն ունեմ ճարտարագիտության հետ կապված աշխատանք անել, քանի որ նոր մշակվող մի ծրագիր կար, որտեղ կարող էի օգտագործել հմտություններս: Անակնկալի եկած պատասխանեցի՝ «Իհարկե», նախքան իմանալս, որ նպաստելու եմ նոր նախաձեռնվող սոցիալական ծրագրի՝ «Ալեպպօ Քուիզին» կենտրոնի աշխատանքներին։

Այն ժամանակ ծրագիրը դեռևս հստակ ժամկետներ չուներ: Քանի որ նախատեսել էի կամավորություն անել ընդամենը վեց շաբաթ, չէի ակնկալում, որ տեսնելու եմ աշխատանքիս արդյունքները: Փորձեցի ուսումնասիրել և թղթին հանձնել այն ինչ հնարավոր էր, որպեսզի շինարարությունը սկսելուն պես` կազմակերպությունն ունենար անհրաժեշտը: Չափագրեցի տարածքը, կազմեցի որոշ ճարտարապետական նախագծեր ու գծագրեր, և օգնեցի խմբագրել ծրագրի ֆինանսավորման համար մշակված դրամաշնորհային հայտը: Նաև սիրով շարունակում էի կատարել կայքի համար բովանդակություն գրելու իմ աշխատանքը, գրել և սրբագրել հոդվածներ, ինչպես նաև անել ցանկացած այլ աշխատանք:

Հետո «Ալեպպօ Քուիզին» կենտրոնի հետ կապված ամեն ինչ հանկարծ թափ առավ: Նշանակվեց շինարարության մեկնարկի օրը: Ծրագիրն իրականություն էր: Եթե ավելի երկար մնայի, ապա մասնակցելու էի այն երազանքից իրականություն դարձնելուն: Ուստի, իմ վեց շաբաթյա հանձնառությունը փոխվեց վեց ամսի։

Այդ վեց ամիսների ընթացքում «կանեմ այն` ինչ կարող եմ»-ն ընդարձակվեց: Երբեմն ես բովանդակություն գրող էի, երբեմն` ինժեներ, երբեմն էլ` ճարտարապետ, բայց այդքանով չսահմանափակվեցի: Լինում էին օրեր, երբ իմ աշխատանքը լուսանկարելն էր, կայք կամ գրաֆիկական ձևավորում անելը, խմբագրելը, լոգո մշակելը, սոցիալական մեդիա վարելը, կարող եք լրացնել դատարկ տողը:

Միգուցե, որոշ մարդկանց համար սա մղձավանջ է թվում, բայց ինձ համար դա հիանալի էր: Ես միշտ բազմակի հետաքրքրություններ եմ ունեցել: Սիրում եմ գրել, սիրում եմ ձևավորել ու ստեղծագործել, սիրում եմ ինժեներությունը և սիրում եմ նոր բաներ սովորել: Առաջին անգամ հնարավորություն ունեի կիրառել բոլոր այդ հետաքրքրություններս մեկ աշխատանքում և այնքան խանդավառված էի: Ամեն օրը տարբեր էր: Միշտ ինչ-որ անսպասելի բան ի հայտ կգար: Ես զգում էի, որ օգտակար եմ, որ արածս գործը կարևոր է: Դրանից ավելի լավ բան կա՞:

Դե, իրականում ամեն ինչ շատ ավելի լավ էր: «Հալեպ» ՀԿ-ում ես նաև հանդիպեցի հրաշալի մարդկանց: Նրանք բոլորը նվիրված են կազմակերպության առաքելությանն ու ձգտում են մեր աշխարհն ավելի լավը դարձնել: Իսկապես մեծ ուրախություն էր աշխատել «Հալեպ»-ում հանդիպած յուրաքանչյուր անձի հետ` այլ կամավորներից մինչև ղեկավար մարմնի անդամներ: Մեր կապը գրասենյակից անդին էր, որտեղ գործընկերները դարձան ընկերներ:

Երբևէ չէի պատկերացնի, որ «Հալեպ» ՀԿ-ում իմ կամավորական փորձն այդպիսին կլիներ: Ինչպե՞ս պատկերացնեի: Մտածում էի, թե կմնամ վեց շաբաթ, հոդվածներ կգրեմ ու կվերառառնամ: Փոխարենը` վեցերորդ ամսվա ավարտին «Ալեպպօ Քուիզին» կենտրոնն ավելին քան գաղափար էր: Այն հստակ, ֆիզիկական վայր էր` սարքավորումներով, բիզնես նախագծերով և ճաշատեսակների նմուշներով, որոնք ես հաճույքով համտեսում-փորձում էի: Ես ավարտեցի մի ծրագիր` ստեղծելով տեքստային և վիզուալ բովանդակություն կայքի թարմացման համար: Սովորեցի համակարգչային նոր ծրագրեր և փորձարկեցի հին հմտություններս: Ոգևորիչ էր տեսնել, թե ինչպես են հրաշալի ծրագրերն իրականություն դառնում և իմանալ, որ այդ ամենում մասնակցություն եմ ունեցել:

Հրաժեշտը հեշտ չէր: Վեց ամսվա ընթացքում ես դարձել էի թիմի անդամը: Է՛լ ավելի էի հավատում կազմակերպության աշխատանքին և ամեն օր սիրով էի գնում աշխատանքի: Կարծես հրաժեշտ էի տալիս ընտանիքիս:

Անչափ երախտապարտ եմ «Հալեպ» ՀԿ-ում ունեցած հնարավորություններիս համար և երբեք չեմ մոռանա այնտեղ անցկացրած ժամանակս: Ոգեշնչված եմ այն ամենով, ինչ ապագայում սպասվում է կազմակերպությանն ու Հայաստանում սիրիական համայնքին»:

Լարա Կայսերյան

 

Լարա Կայսերյանը կամավորել է «ՀԱԼԵՊ» ՀԿ-ում՝ ի շնորհիվ «Դեպի Հայք» հիմնադրամի հետ ունեցած համագործակցության։ Մենք հավատում ենք, որ ձեռք ձեռքի, ուս ուսի, միասնաբար աշխատանքով կարելի է արարել բարին ու կերտել ապագա՝ լի խաղաղությամբ ու բարօրությամբ։ Երախտապարտ ենք Լարային, ով հավատաց այդ գաղափարին, «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի առաքելությանն ու անխոնջ ջանքերին և կենսական ու անձնանվեր օգնությունը ցուցաբերեց կազմակերպության աշխատանքներին։