Սոցիալ-հոգեբանական աջակցությանն ուղղված հերթական հանդիպումը
2018թ. նոյեմբերի 2-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում («ՀԱԼԵՊ» ՀԿ) կազմակերպվեց սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող հերթական հանդիպումը՝ Հայաստանում հաստատված սիրիահայերի համար:
Հանդիպան հյուրը մեզ քաջ հայտնի՝ Արարատյան Հայրապետական թեմի Մրգավան գյուղի Ս․ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ․Պարգև քահանա Պալգևորգյանն էր, ով հանդիպումը սկսեց աղոթքով: Տեր Պարգև քահանան շարունակեց խոսել Հայ Առաքելական եկեղեցու 7 մահացու մեղքերից վեցերորդի՝ որկրամոլության մասին:
Որկրամոլությունը կերակրի նկատմամբ անսահման հակումն է, երբ մարդ այլևս չի հասկանում և չի զգում իր բավարարվածությունը, իր կուշտ լինելը:
Տեր-Պարգևը մեջբերումներ կատարեց Աստվածաշնչից, նշելով, որ ագահությունը ծնում է որկրամոլությունը։ Քրիստոսն ասում է. «Միայն հացով չի ապրում մարդ, այլ այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծո բերանից» (Մատթ. 4.4, Ղուկ. 4.4): Իսկ որկրամոլությունը կարծես ելնում է Քրիստոսի դեմ և հակառակը պնդում. «Միայն հացով է ապրում մարդ»։ Ուտելը միջոց է և ոչ թե նպատակ, մինչդեռ որկրամոլի համար ուտելը դառնում է գերագույն նպատակ։
Վերջում, ներկաները հանդես եկան հարցադրումներով և ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։
Հիշեցնենք՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում կազմակերպվող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանում։
Հանդիպումների շրջանակում հյուրընկալվում են խոսնակներ, ովքեր իրենց կարողությունները և գիտելիքներն են կիսում ներկաների հետ՝ աջակցելով նրանց սոցիալ-հոգեբանական վերականգնմանը։
Հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ում։
Հասցե՝ ք․Երևան, Հյուսիսային պողոտա 11, – 1 հարկ (մուտքը՝ Աբովյան փողոցից)։