«Սոցիալ-հոգեբանական աջակցության» ծրագրի հերթական հանդիպումը առողջ ապրելակերպի մասին

2018 թվականի նոյեմբերի 23-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ը («ՀԱԼԵՊ» ՀԿ) «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի   շրջանակում հրավիրել էր կենսաբան Հասմիկ Սարգսյանին: Վերջինս ավարտել է ԵՊԲՀ կենսաբանության բաժինը, ներկայումս աշխատում է Մերսման և ֆիզիոթերապիայի ինստիտուտում:

Հանդիպման հյուրը խոսեց առողջ ապրելակերպի, առողջ սննդի և հիվանդությունների հաղթահարման մասին: Տիկին Սարգսյանը խորհուրդներ տվեց ինչպես վարել առողջ ապրելակերպ՝ շատ քայլելու, մերսումների, ճիշտ սնման և մարզանքների միջոցով:

Ներկաները հյուրի հետ միասին ծավալեցին հետաքրքիր քննարկում, խոսեցին իրենց անհանգստացնող մկանային ցավերի մասին և ստացան համապատասխան բուժական խորհուրդներ: Սիրիահայ մասնակից կանայք տեղում սովորեցին նաև մարզանքի մի շարք վարժություններ:

Հիշեցնենք՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում կազմակերպվող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում։
Հանդիպումների շրջանակում հյուրընկալվում են խոսնակներ, ովքեր իրենց կարողությունները և գիտելիքներն են կիսում ներկաների հետ՝ աջակցելով նրանց սոցիալ-հոգեբանական  վերականգնմանը։
Հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ, ժամը՝ 16։00-ին, «ՀԱԼԵՊ» ՀԿ-ում։

Հասցե՝ քԵրևան, Հյուսիսային պողոտա 11, – 1 հարկ (մուտքը՝ Աբովյան փողոցից)։