«Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի հերթական հանդիպումը առողջ սննդակարգի թեմայով

2019թ․հունիսի 28-ին տեղի ունեցավ «ՀԱԼԷՊ»  հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԷՊ» ՀԿ) «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի հերթական հանդիպումը՝  53 անդամների մասնակցությամբ։ Բացման խոսքով հանդես եկավ «ՀԱԼԷՊ» ՀԿ-ի հիմնադիր փոխնախագահ Ծովիկ Մակարյան-Բայթարյանը՝ ներկայացնելով հանդիպման օրակարգը։

Հանդիպման հյուրն էր սննդաբան, դիետոլոգ Շաղիկ Մինասյանը։ Շաղիկը ուսանել է Սիրիայում, ապա Լիբանանում, այժմ դասախոսում է Երևանի «Հայբուսակ» համալսարանի բժշկական ֆակուլտետում և աշխատում է «Շանթ» հեռուստաընկերության «Բուժ Ինֆո» հաղորդաշարում՝ որպես դիետոլոգ։ 

Շաղիկ Մինասյանը մանրամասնորեն ներկայացրեց առողջ ապրելակերպի առանձնահատկությունները, խոսեց առողջ սննդակարգի վերաբերյալ լայն տարածում ունեցող միֆերի ու դրանց բացասական հետևանքների մասին, ապա անդրադարձավ վերջին տարիներին առողջ սննդակարգի վերաբերյալ նոր հետազոտություններին ու բացահայտումներին։ Նա ներկաներին խորհուրդ տվեց ազատվել վնասակար սովորություններից և չփորձարկել նիհարելու տարատեսակ, ոչ հավաստի մեթոդներ՝ օրգանիզմը չվնասելու ու առողջական լուրջ խնդիրներ ձեռք չբերելու համար։ Շաղիկը ներկաներին հորդորեց համատեղել առողջ սննդակարգն ու մարմնամարզությունը՝ նյութափոխանակությունը բարելավելու համար։ Իսկ դրական արդյունքի հասնելու լավագույն գրավականը, ըստ դիետոլոգի, թե´ մարմնամարզությանը, թե´ սննադակարգին սիրով ու հետևողականությամբ հետևելն է։

Հանդիպման հյուրը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին՝ կապված ամենաշատ օգտագործվող սննդամթերքների, մրգերի և հեղուկների օգտակարության ու կալորիականության հետ ու տվեց մասնագիտական ցուցումներ՝ ճիշտ սննադակարգ մշակելու, սխալները շտկելու և առողջությունը պահպանելու համար։

Հանդիպման ավարտին Շաղիկ Մինասյանը ներկայացրեց իր անձնական էջը (HealthNut by Shaghig Minassian/ Դիետոլոգ Շաղիկ Մինասյան)՝ նշելով, որ սիրով կպատասխանի առողջ սննդակարգին առնչվող բոլոր հարցերին ու մտահոգություններին։

Դիետոլոգի ֆեյսբուքյան էջը ներկայացված է ստորև՝

https://www.facebook.com/healthnutbyShaghig/

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԿ-ի «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում կազմակերպվող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքին։

Հանդիպումների շրջանակում հյուրընկալվում են խոսնակներ, ովքեր իրենց կարողությունները և գիտելիքներն են կիսում ներկաների հետ՝ աջակցելով նրանց սոցիալ-հոգեբանական  վերականգնմանը։

Հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ, ժամը՝ 16։00-ին, «ՀԱԼԵՊ» ՀԿ-ում։

Հասցե՝ քԵրևան, Հյուսիսային պողոտա 11, – 1 հարկ (մուտքը՝ Աբովյան փողոցից)։