«Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի անդամների հերթական հանդիպումը առողջության թեմայով

2019թ․ հուլիսի 5-ին տեղի ունեցավ «ՀԱԼԷՊ»  հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԷՊ» ՀԿ) «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի հերթական հանդիպումը՝  31 անդամների մասնակցությամբ։  Բացման խոսքով հանդես եկավ «ՀԱԼԷՊ» ՀԿ-ի հիմնադիր փոխնախագահ Ծովիկ Մակարյան-Բայթարյանը և նախքան բուն օրակարգին անցնելը, «Ծանոթանանք մեր արժեքներին» խորագրի ներքո շնորհավորեց ներկաներին ու ամբողջ հայ ժողովրդին Սահմանադրության օրվա առթիվ և համառոտ  անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների պատմությանը։ Այնուհետև ներկայացրեց հայոց պետականության երեք խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և օրհներգը ու դրանց նշանակությունը հայ ժողովրդի համար։

Այս անգամ հանդիպման հյուրն էր բժիշկ Հովսեփ Գրիգորյանը։ Վերջինս ուսանել է Հալեպի Լազար Նաջարյան-Գալուստ Գյուլբենկյան կենտրոնական վարժարանում, 2013թ․ ընդունվել է Հալեպի համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը։ Պատերազմի ճգնաժամային տարիներին տեղափոխվել է Հայաստան  և շարունակել ուսումը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետում։

Բժիշկ Գրիգորյանը մանրամասնորեն ներկայացրեց վահանաձև գեղձի  տարատեսակ խանգարումները, որոնք բավականին տարածված են Հայաստանում՝ կապված հիմնականում բնակլիմայական պայմանների հետ։ Նա ներկայացրեց հիվանդության առաջացման նախանշանները, հիվանդության գլխավոր հարուցիչները և պատճառները, ապա անդրադարձավ բուժման տարբերակներին և մասնագիտական խորհուրդներ տվեց ներկաներին։ Բժիշկը ներկաներին բացատրեց հիվանդության բարդությունները, փուլերը և ստուգման ձևերը։  Նա սիրով պատասխանեց ներկաների հարցերին և օգտակար ցուցումներ տվեց հիվանդության շուրջ մտահոգություններ ունեցողներին։ 

Հովսեփ Գրիգորյանը, հիմնական մասնագիտությունից զատ, սիրում է դաշնամուր նվագել և հանդիպման ավարտին ներկաներին հիացրեց իր գեղեցիկ կատարմամբ։ Նման դրական մթնոլորտում ծրագրի անդամները հրաժեշտ տվեցին միմյանց։

 

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԿ-ի «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում կազմակերպվող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքին։

 Հանդիպումների շրջանակում հյուրընկալվում են խոսնակներ, ովքեր իրենց կարողությունները և գիտելիքներն են կիսում ներկաների հետ՝ աջակցելով նրանց սոցիալ-հոգեբանական  վերականգնմանը։