«Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի կիսամյակային ամփոփիչ հանդիպումը

2019թ․ հուլիսի 12-ին կայացավ «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԷՊ» ՀԿ) «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի կիսամյակային ամփոփիչ հանդիպումը։ «ՀԱԼԷՊ» ՀԿ-ի հիմնադիր փոխնախագահ Ծովիկ Մակարյան-Բայթարյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, ապա ներկայացրեց հանդիպման հյուր, ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Ալլա Սարկիսովային։

Ալլա Սարկիսովան իր խոսքում նշեց, որ հետևում է «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի անդամների գործունեությանը և հույս հայտնեց, որ ծրագրի շրջանակներում կազմակերպվող հանդիպումներն ու հարակից նախաձեռնությունները կկրեն շարունակական բնույթ ու լավագույնս կնպաստեն սիրիական հակամարտության միջով անցած կանանց վերականգնման գործընթացին։

Հիշեցնենք, որ 2015թ․ փետրվար ամսին՝ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և «ՀԱԼԷՊ» ՀԿ-ի միջև համագործակցության արդյունքում, մեկնարկել էր «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագիրը՝ 6 ամիս տևողությամբ։ Ծրագրի ավարտին՝ սիրիահայ կանանց ցանկությամբ, «ՀԱԼԷՊ» ՀԿ-ի շրջանակներում շարունակվեց ծրագրի գործունեությունը։

Ալլա Սարկիսովան ներկայացրեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ընթացիկ ծրագրերը, խոսեց հայ հասարակությանը սիրիահայերի ինտեգրման, վերջիններիս մարդասիրական օժանդակություն և զարգացման հնարավորություններ ընձեռելու անհրաժեշտության մասին, ապա ցանկություն հայտնեց լսել ներկաների կարծիքները՝ հետագա համագործակցության հնարավորությունները հասկանալու համար։ Ծրագրի անդամները ներկայացրեցին իրենց առաջարկները՝ կապված հանդիպումների, այցելությունների և այն նախաձեռնությունների հետ, որոնք կցանկանան կյանքի կոչել վերոնշյալ ծրագրի շրջանակներում։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև համընդհանուր մտահոգության այնպիսի հարցեր, ինչպիսիք են սիրիահայերի բնակապահովման և կենսաթոշակային  խնդիրները․ ներկաներն արտահայտեցին իրենց մտահոգություններն ու առաջարկները՝  նման բազմաշերտ խնդիրներին լուծում գտնելու հետ կապված։

Ծրագրի անդամները ջերմ մթնոլորտում հրաժեշտ տվեցին միմյանց՝ սեպտեմբերին հանդիպումները վերսկսելու ակնկալիքով։

«ՀԱԼԷՊ» ՀԿ-ի «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում կազմակերպվող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքին։

 Հանդիպումների շրջանակում հյուրընկալվում են խոսնակներ, ովքեր իրենց կարողությունները և գիտելիքներն են կիսում ներկաների հետ՝ աջակցելով նրանց սոցիալ-հոգեբանական  վերականգնմանը։