«Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի Ամանորյա հանդիպումը

2019թ․ դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ ՀԿ») «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի տարեկան վերջին հանդիպումը՝ 78 սիրիահայ կանանց մասնակցությամբ։ Հանդիպման սկզբին Կազմակերպության հիմնադիր փոխնախագահ Ծովիկ Մակարյան-Բայթարյանը ողջունեց բոլորին, շնորհավորեց գալիք տոների կապակցությամբ և հույս հայտնեց, որ հաջորդ տարի ծրագրի շրջանակներում կազմակերպվող հանդիպումները ևս կլինեն օգտակար ու հետաքրքիր և կնպաստեն սիրիահայ կանանց դյուրին ինտեգրմանը, տեղեկացվածությանն ու շփումներին Հայաստանում։

Այնուհետև «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի Համակարգող մարմնի անդամ Վանիա Մսրիեն խոսեց տարիների կենդանակերպի նշանների մասին, համառոտ ներկայացրեց գալիք տարվա խորհրդանիշերը և ջերմ խոսքերով շնորհավորեց ներկաներին Ամանորի կապակցությամբ։  Համակարգող մարմնի անդամ բժշկուհի Մայդա Չավուշյանը նույնպես շնորհավորեց ներկաներին՝ մաղթելով հաջողություններ և երջանկություն գալիք տարում։

Ծրագրի անդամները անակնկալ մատուցեցին համակարգող մարմնի անդամ Վանիա Մսրիեին ծննդյան օրվա կապակցությամբ, ինչը էլ ավելի տոնական մթնոլորտ ստեղծեց սրահում։  

Համակարգող մարմնի կողմից ներկաներին բաժանվեցին տարվա խորհրդանիշը պատկերող փոքրիկ հուշանվերներ, իսկ հանդիպման հյուր Ձմեռ պապի կողմից պատահականության սկզբունքով ընտրվեց հաղթողը, ով ստացավ ամանորյա նվեր։ 

Հանդիպումն ուղեկցվեց երգ ու պարով, իսկ օրվա հյուրասիրությունը կազմակերպվել էր «Ա․Ասատրյան» հիմնադրամի կողմից, ինչի համար ներկաները հայտնեցին իրենց շնորհակալությունը։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԿ–ի «Սոցիալ–հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում կազմակերպվող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում։ Հանդիպումների շրջանակում հյուրընկալվում են խոսնակներ, ովքեր իրենց կարողությունները և գիտելիքներն են կիսում ներկաների հետ՝ աջակցելով նրանց սոցիալ–հոգեբանական վերականգնմանը։ Հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ, ժամը՝ 14։00-ին, «ՀԱԼԷՊ» ՀԿ–ում։ Հասցե՝ ք․Երևան, Հյուսիսային պողոտա 11, – 1 հարկ (մուտքը՝ Աբովյան փողոցից)։