«Սոցիալ-հոգեբանական» ծրագրի շրջանակում կայացավ քահանայի հետ հերթական հանդիպումը

2018 թ. հոկտեմբերի  19-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում
(«ՀԱԼԵՊ» ՀԿ) կազմակերպվեց սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող հերթական հանդիպումը՝ Հայաստանում հաստատված սիրիահայերի համար:

Հանդիպման հյուրն արդեն ծանոթ՝ Արարատյան Հայրապետական թեմի Մրգավան գյուղի Ս․ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Պարգև քահանա Պալգևորգյանն էր, ով հանդիպումը սկսեց աղոթքով: Տեր Պարգև քահանան շարունակեց խոսել Հայ Առաքելական եկեղեցու 7 մահացու մեղքերից հինգերորդի՝ ագահության մասին:

Տեր-Պարգևը մեջբերումներ կատարեց Աստվածաշնչից, նշելով, որ ագահությունը մեղք է համարվում, քանի որ գրված է «ուրիշի ունեցածին աչք մի դնիր»:

Չկա մարդ, ով զուրկ է որև է ընդունակությունից… ամեն մարդ կարող է օգտակար լինել մյուսին, եթե ծուլությանը չմատնվի: Քահանա Պալգևորգյանը հորդորեց ժուժկալ լինել ամեն հարցում, քանզի ագահությունը հեռացնում է մարդուն Աստծուց: Ներկաներին խորհուրդ տվեց նվիրվել աղոթքին, առաջնային տեղում դնել Աստծուն, բավարարվել իր ունեցածով և գոհանալ դրա համար, իսկ Աստված կտասնապատկի մարդու ունեցածը՝ տեսնելով նրա սիրտը:

Վերջում, ներկաները հանդես եկան հարցադրումներով և  առաջարկներով՝ ներկայացնելով իրենց հուզող թեմաներ՝ գալիք հանդիպումների քննարկման համար:

Հիշեցնենք՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում կազմակերպվող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում։
Հանդիպումների շրջանակում հյուրընկալվում են խոսնակներ, ովքեր իրենց կարողությունները և գիտելիքներն են կիսում ներկաների հետ՝ աջակցելով նրանց սոցիալ-հոգեբանական  վերականգնմանը։
Հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ, ժամը՝ 16։00-ին, «ՀԱԼԵՊ» ՀԿ-ում։
Հասցե՝ քԵրևան, Հյուսիսային պողոտա 11, – 1 հարկ (մուտքը՝ Աբովյան փողոցից)։