«Սոց-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրին ներկայացվեց ծաղիկների լեզուն
2018 թվականի սեպտեմբերի 28-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ը («ՀԱԼԵՊ» ՀԿ) «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում կազմակերպվող հանդիպմանը հյուրընկալել էր ծաղկագետ Մառլեն Դարագյոզյանին: Վերջինս ուսում է ստացել Լիբանանում և ներկայումս այն շարունակում է Երևանում։
Հանդիպման հյուրը հանդես եկավ դասախոսությամբ՝ մասնակիցներին ծանոթացնելով ծաղիկների տեսակներին։ Ներկաները հնարավորություն ունեցան տեղեկատվություն ստանալու ծաղիկների նշանակության մասին։ Տիկին Դարագյոզյանը նաև ներկայացրեց բույսերի ճիշտ խնամքը, մասնավորապես մակաբույծների դեմ պայքարը, և ծաղիկը ձմռանը թարմ ու ծաղկուն պահպանելու գաղտնիքը։
Հիշեցնենք՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ–ի «Սոցիալ–հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում կազմակերպվող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում: Հանդիպումների շրջանակում հյուրընկալվում են խոսնակներ, ովքեր իրենց կարողությունները և գիտելիքներն են կիսում ներկաների հետ՝ աջակցելով նրանց սոցիալ–հոգեբանական վերականգնմանը:
Հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ–ում: Հասցե՝ ք. Երևան, Հյուսիսային Պողոտա 11, -1 հարկ (մուտքը՝ Աբովյան փողոցից):