Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հանդիպումը սիրիահայ երիտասարդների հետ

2019թ. դեկտեմբերի 5-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի («ՀԱԼԵՊ» ՀԿ) գրասենյակում կայացավ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հանդիպումը սիրիահայ երիտասարդների հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանը, գործադիր տնօրեն Սարգիս Բալխյանը և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը։ Հանդիպումն անցկացվում էր «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում:

Հանդիպման նպատակն էր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին ներկայացնել Հայաստանում բնակվող սիրիահայ երիտասարդների առաջարկները, նախաձեռնություններն ու բարձրաձայնել նրանց հուզող խնդիրները, ինչպես նաև պրն. Սինանյանի մասնակցությամբ տրամադրել «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում տրվող կրթաթոշակակիրների հավաստագրերը:

Հանդիպումը մեկնարկեց «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանի ողջույնի խոսքով և «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի ամփոփ ներկայացմամբ, որին հաջորդեց ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանի ելույթը, ով ներկայացրեց ծրագրի շրջանակներում ուսանողական կրթաթոշակների տրման կարգը՝ շնորհավորելով ընտրված ուսանողներին:

Այնուհետև, ելույթով հանդես եկավ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սարգիս Բալխյանը՝ ներկայացնելով «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հետազոտության արդյունքները Հայաստանում բնակվող սիրիահայ համայնքի կարիքների գնահատման վերաբերյալ, որոնք առնչվում են բնակարանային, զբաղվածության, կրթական, առողջապահական և այլ ոլորտներին:

Հաջորդիվ ելույթով հանդես եկավ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ով ներկայացրեց հանձնակատարի գրասենյակի կողմից կատարվող ընթացիկ և գալիք տարում նախատեսվող աշխատանքները: Զարեհ Սինանյանն իր խոսքում նշեց, որ պատրաստ է հաճախ հանդիպել, համագործակցել, լսել ու լսելի դարձնել սիրիահայ համայնքի ձայնը:

Պրն. Սինանյանի կողմից անդրադարձ կատարվեց սիրիահայերի և իրաքահայերի տարերային հայրենադարձությանը և այն խնդիրներին, որոնց բախվում են նրանք Հայաստանում հաստատվելիս:  Պրն. Սինանյանի ելույթից հետո երիտասարդների կողմից հնչեցվեցին տարաբնույթ հարցեր, ինչպիսիք են բնակարանային, առողջապահական խնդիրները, արևմտահայերենի պահպանումը և սիրիահայերի խնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի վերաստեղծման հարցը:

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ սիրիահայ և իրաքահայ 45 ուսանողների՝ «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում տրվող կրթաթոշակների հավաստագրերի հանձման արարողությունը: Հանդիպումն ամփոփվեց «Ալեպպո Քուիզին» կենտրոնի կողմից պատրաստված արևելյան խոհանոցի հյուրասիրության սեղանի շուրջ:

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից և իրականացվում «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Երիտասարդական նման միջոցառումների նպատակն է նոր գիտելիքներ հաղորդել սիրիահայ երիտասարդներին, զարգացնել նրանց վերլուծական միտքն ու ծավալել տարբեր ոլորտներին վերաբերող քննարկումներ: