Վարձատրվող պրակտիկայի մասնակիցներ. ՀԱԼԵՊ ՀԿ և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամ

Սիրով Ձեզ ենք ներկայացնում «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի վարձատրվող պրակտիկայի մասնակիցներից մի քանիսին, ովքեր 1 ամիս հնարավորություն ստացան զարգացնել իրենց հմտությունները և ձեռք բերել աշխատանքային փորձ հայաստանյան առաջատար ընկերություններում և կազմակերպություններում՝ միևնույն ժամանակ ստանալով վարձատրություն: Ծրագիրն իրականացնում է ՀԱԼԵՊ ՀԿ-ն՝ ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:

Ես՝ Լինա Լալայանս, Արցախից եմ, քաղաք Ստեփանակերտից։ Սովորում եմ Արցախի Հանրապետության(ԱՀ) Մեսրոպ Մաշտոց համալսարանում` «Ձեռնարկության կառավարում» մասնագիտությամբ, մագիստրատուրայի առաջին կուրսում։ Միշտ էլ կարևորել եմ պրակտիկան իմ կրթության մեջ։ Հանգամանքներից ելնելով մի քանի ամիս բնակվում եմ Երևանում և որոշեցի ժամանակս իզուր չվատնել, գրանցվեցի «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրում։ Պրակտիկան անցնում եմ «Քարդ» հիմնադրամում, որտեղ կատարում եմ տարբեր աշխատանքներ կապված իմ մասնագիտության հետ (պայմանագրերի կազմում, հանձնման-ընդունման ակտերի կազմում, ՀԾ-ի հետ աշխատանք): Այս մի ամիսը ինձ հնարավորություն տվեց ծանոթանալ տարբեր բնագավառների մասնագետների հետ, ինչպես նաև աշխատեցի հաճելի մթնոլորտում ամբողջ անձնակազմի հետ։ Ձեռք բերեցի մասնագիտական հմտություններ, որը վստահ եմ ապագայում ինձ պետք կգան։

Ես՝ Լիլիա Ոսկանյանս ծնվել եմ 1996 թվականին՝ ՀՀ ք.Արտաշատում, մտավորականի ընտանիքում։ 2000 թ. ընտանիքով տեղափոխվել ենք Արցախի Քաշաթաղի շրջանի Ալաշկերտ համայք, որտեղ և 2002-2014թթ. սովորել և ավարտել եմ Ալաշկերտ գյուղի միջնակարգ դպրոցը։ 2014 թ, ընդունվել եմ ՀՀ Երևանի Ազգային Ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի «Ֆինանսների կառավարում» բաժինը, որը հետագայում անվանափոխվել է Շուշիի Տեխնոլոգիական համալսարան։ Նշեմ, որ նույն տարում ընդունվել եմ նաև Ալաշկերտի միջնակարգ դպրոց որպեզ օպերատոր և աշխատել եմ 6 տարի։

2020թ-ի նոյեմբերին պատերազմական իրավիճակից ելնելով տեղափողվել եմ ՀՀ ք.Արտաշատ,քանի որ մեր տարածքները՝ ԱՀ Քաշաթաղի հարավային թևն անցել է Ադրբեջանի հսկողության տակ։

2020 թ-ի դեկտեմբեր 1-ից Երիտասարդների պայծառ ծրագրի շրջանակում սկսել եմ պրակտիկա անցնել ՅՈՒՔՈՄ ընկերությունում։ Այստեղ ծանոթացել եմ վաճառքի և սպասարկման հմտություններին, ծանոթացել եմ Յուքոմի կողմից մատուցվող ծառայություններին և ապրանքների տեսակներին։ Սովորել եմ կատարել ծրագրային որոշ գործարքներ։ Հասցրել եմ սիրել և կապնվել կոլեկտիվի հետ։

Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարդկանց, ովքեր մեր կողքին են և մեզ հնարավորություն են տալիս առաջ գնալու և նորանոր հաջողությունների հասնելու հարցում:

Ես Ռոզա Հովսեփյանն եմ՝ Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքից: 2011-2015թթ. հաճախել եմ Բերձորի գեղարվեստի դպրոցի դիզայն բաժին: 2016թ.-ին ընդունվել եմ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի Ճարտարապետություն բաժին:

2019թ.-ին մասնակցել եմ ՇՏՀ-ի կողմից կազմակերպված Համահայկական ուսանողական ֆորումին և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանից ստացել վկայական:

2020 թ. օգոստոսի 1-ից սեպտեմբերի 27-ըպրակտիկա եմ անցել Քաշաթաղ շրջանի վարչակազմի Քաղաքաշինության և ճարտարապետության բաժնում: Սակայն ադրբեջանա-արցախյան պատերազմի պատճառով՝ սեպտեմբերի 28-ին դուրս եկանք մեր տնից և բնակություն հաստատեցինք Սյունիքի մարզում:

Նոյեմբերին իմացա, որ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը և Կլոր սեղան հիմնադրամը հայտարարել են վճարովի պրակտիկայի ծրագիր Արցախի երիտասարդների համար: Սա մի ծրագիր է, որը հնարավորություն ընձեռեց բարելավել մասնագիտական հմտություններս: Այս ծրագրի շնորհիվ պրակտիկա եմ անցնում A1 Studio-ում:

Ես Տաթև Թադևոսյանն եմ, ծնվել եմ Ստեփանակերտ քաղաքում։ 2016-2020թ․ ընդունվել և ավարտել եմ Ստեփանակերտի ԵՊՀ-ին առընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը։ 2020թ․ ընդունվել եմ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի Ճարտարապետաշինարարական ֆակուլտետի Ճարտարապետություն բաժինը:

2020թ․ սեպտեմբերի 27 -ին սկսված Արցախա-ադրբեջանական պատերազմի պատճառով՝ սեպտեմբերի 29-ից ընտանիքիս հետ տեղափոխվել եմ Երևան, որտեղ բնակվում ենք վարձով:

Ս.թ. նոյեմբեր ամսից պրակտիկա եմ անցնում A1 ստուդիայում՝ «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում:

Ես Ֆլորա Չիլինգարյանն եմ ՝ Արցախի Ստեփանակերտ քաղաքից։ Ավարտել եմ Արցախի Պետական Համալսարանի «ֆինանսներ» բաժինը: Այժմ սովորում եմ Շուշիի Տեխնոլոգիական համալսարանի «Ագրոբիզնես» բաժնում (մագիստրատուրա):

2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի պատճառով տեղափոխվել եմ ք. Երևան: Այդ ընթացքում «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում հնարավորություն ստացա անցնելու մասնագիտական պրակտիկա «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD Foundation) հիմնադրամում։

Ես Աննա Հովհաննիսյանն եմ, ավարտել եմ Հայկական պետական մանկավարժական համալսարանի սոցիալական աշխատանք բաժինը։ Ներկայումս շարունակում եմ կրթությունս ՀՊՄՀ-ում արդեն մագիստրատուրայում։ Սիրում եմ իմ մասնագիտությունը և որպես մասնագետ, մեծ հույսեր և ակնկալիքներ ունեմ իմ մասնագիտական գործունեությունից։ Իհարկե, չեմ մոռանում նաև շարունակական ինքնակրթության և կամավորական աշխատանքների կարևորության մասին՝ մասնագիտական փորձարարության լայն շրջանակի համար։ Մոտ մեկ ամիս է հաճախում եմ ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամ ( FAR Children’s Support Center Foundation), իրականացնում եմ մասնագիտական գործունեություն՝ ձեռք բերելով մասնագիտական փորձառություն։ Իհարկե, ինձ այդ հրաշալի հնարավորությունն ընձեռել է <<Երիտասարդների պայծառ ապագա>> ծրագիրը (վճարովի պրակտիկայի շրջանակում), որն իրականացնում են <<ՀԱԼԵՊ>> հասարակական կազմակերպությունն ու ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամը։ Ծրագիրը հրաշալի հնարավորություն է ընձեռում բոլոր այն երիտասարդներին, ովքեր ունեն մասնագիտական կրթություն, բայց չունեն փորձառություն աշխատելու համար։ Կառույցում ներգրավվել եմ Արցախի ընտանիքների կարիքների գնահատման ծրագրերում: Նաև իրականացնում եմ սոցիալական աշխատանք կենտրոնի երեխաների հետ։

Շնորհակալ եմ <<ՀԱԼԵՊ>> ՀԿ-ին և Կլոր սեղան հիմնադրամին՝ նման հրաշալի հնարավորություն ընձեռելու համար։ Շնորհակալական խոսքս նաև ուղղում եմ ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամի տնօրենին և աշխատակիցներին՝ կառուցողական համագործակցության և ջերմ ընդունելության համար։

Ես Քնարիկ Կարապետյանն եմ ՝ Արցախի Ստեփանակերտ քաղաքից։ Սովորում եմ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի 《Կովկասագիտություն》 բաժնի IV կուրսում։ Ուսման ընթացքում մասնակցել եմ մի շարք ծրագրերի, և ընդգրկված եմ եղել կամավորական աշխատանքներում։

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի պատճառով ընտանիքով տեղափոխվեցինք ք. Երևան և ես հնարավորություն ստացա մասնակցել《Երիտասարդների պայծառ ապագա》 ծրագրին և ունենալ մասնագիտական պրակտիկա։ Այժմ պրակտիկաս անցնում եմ ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների լաբորատորիայում:

Միասին՝ կառուցելու,

➡️վերականգնվելու

➡️և ապրելու համար։

Լուսավոր ապագան դեռ առջևում է:

Ես Ոսկեհատ Վարդանյանն եմ՝ Արցախի Քաշաթաղի շրջանից:

Հանդիսանում եմ ՀԱԱՀ-ի Շուշիի մասնաճյուղի Անասնաբուժության բաժնի մագիստրանտ: Դժբախտաբար, իմ ուսումն ընդհատվեց Արցախյան պատերազմի պատճառով և 2020 թվականի հոկտեմբերի 17-ին ընտանիքիս հետ միասին տեղափոխվեցինք ՀՀ Արարատի մարզ: Եղբայրներս էլ նոր են վերադարձել ռազմաճակատից:

Ս.թ. նոյեմբեր ամսին ես դիմեցի «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի վճարովի պրակտիկային: Արդեն մեկ ամիս է իմ պրակտիկան անցկացնում եմ Երևանի Վետ լայն անասնաբուժական կլինիկայում:

Ես Մարիան եմ՝ Արցախի Հադրութ քաղաքից: Այժմ սովորում եմ Արցախի պետական համալսարանում՝ անգլերեն լեզու և գրականություն բաժնի մագիստրանտ եմ:

Սեպտեմբերի 29-ին Արցախա-ադրբեջանական պատերազմի պատճառով տեղափոխվեցինք Հայաստան՝ ք. Երևան: Իմ քաղաք Հադրութը հարձակման ենթարկվեց, ապա գրավվեց ադրբեջանական բանակի կողմից: Այժմ, մենք ոչ երկար ժամանակով պլանավորում ենք մնալ այստեղ, քանի որ կորցրել ենք մեր տունը, աշխատանքը և մեր հողը:

Նոյեմբերի 30-ին ես ընտրվեցի՝ դառնալու Վերադարձ Հայաստան հիմնադրամի մի մասնիկը՝ «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում: Ծրագրված է փոխհամագործակցություն արցախցի երիտասարդների միջև՝ նոր գիտելիքներ ստանալու և դրանք օգտագործելու մեր Արցախը բարելավելու համար:

Երախտապարտ եմ ձեր աջակցության և համագործակցության համար: Այն մեզ իրոք հարկավոր է:

Ինչպես ասում են՝ ժամանակը բուժում է վերքերը: Բացի այդ, մենք պատրաստ ենք ինքներս մեզ զարգացնելու, աճելու և բուժելու համար:

Պայծառ ապագան դեռ առջևում է:

Ես Էրիկա Աբրահամյանն եմ, ծնվել եմ Հադրութ քաղաքում։ 2005-2016թ սովորել եմ Հադրութի Մ․ Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցում։ 2016-2020թ․ ընդունվել և ավարտել եմ Արցախի պետական համալսարանի Պատմություն և Իրավագիտություն ֆակուլտետի Պատմություն բաժինը։

2019թ. ընկերներիս հետ միասին հիմնադրել եմ «Հեռանկար» հասարակական կազմակերպությունը, որտեղ հանդիսացել եմ կրթական ծրագրերի համակարգող։ 2020թ․ սեպտեմբերի 27 -ին սկսված Արցախա-ադրբեջանական պատերազմի պատճառով՝ սեպտեմբերի 28-ից ընտանիքիս հետ տեղափոխվել եմ Երևան, որտեղ բնակվում ենք վարձով:

Ս.թ. նոյեմբեր ամսից պրակտիկա եմ անցնում «ՀԱԼԵՊ» ՀԿ-ում՝ «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում:

Ես՝ Իզաբելլա Գրիգորյանս, ծնվել եմ 1999թ. քաղաք Ստեփանակերտում։ 2011-2012թ. սովորել եմ Շ. Ազնավուրի անվան Պարարվեստի քոլեջում, իսկ արդեն 2018թ. ընդունվել եմ ՀՊՄՀ Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Պարարվեստի Բաժին: Պրակտիկաս անցկացնում եմ Ավանի մշակույթի տանը:

Անչափ շնորհակալ եմ ՀԱԼԵՊ ՀԿ-ին և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամին՝ ինձ այսպիսի մեծ հնարավորություն ընձեռելու համար: Ձեր շնորհիվ մասնագիտական պրակտիկայից բավական մեծ փորձ ձեռք բերեցի։ Կցանկանայի՝ նման ծրագրերը հաճախակի լինեին և երիտասարդներին առաջ գնալու հնարավորություն տրվեր:

Ես Դիաննա Սահակյան եմ՝ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքից: Ավարտել եմ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Մշակութաբանություն բաժինը: Բակալավրի ավարտից հետո մագիստրոսական կրթություն եմ ստացել նույն բաժնում: Մագիստրոսական ծրագրի մի մասն անց եմ կացրել Իտալիայում՝ Ֆլորենցիայի համալսարանի միջնադարյան հնագիտության բաժնում:

Ուսանողական տարիներից մասնակցել եմ մի շարք հետազոտական աշխատանքների ՀՀ-ում, Արցախում, Իտալիայում, ինչպես նաև կատարել կամավորական աշխատանքներ «ԿԱԶԱ» հիմնադրամում, ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակում և այլ կազմակերպություններում: Համալսարանն ավարտելուց հետո աշխատել եմ «ԿԱԶԱ» շվեյցարական հիմնադրամում՝ «Փախստականների սոցիալ-կրթական ծրագրում», որպես ծրագրի համակարգող:

2020 թ. նոյեմբերին դիմելով «ՀԱԼԵՊ» կազմակերպության և Կլոր սեղան հիմնադրամի «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրին, մասնագիտական պրակտիկա եմ անցել «ՅՈՒՔՈՄ» ընկերության ՄՌԿ բաժնում: Պրակտիկայի ընթացքում ձեռք եմ բերել գիտելիքներ մարդկային ռեսուրսների կառավարման մասին,ինչպես նաև հնարավորություն ունեցել օգտագործել և նպատակին ծառայեցնել իմ ունեցած ռեսուրսները:

Ես՝ Հելեն Ասրյանս, ծնվել եմ Արցախից մայրաքաղաք Ստեփանակերտում: Սովորում եմ Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի թարգմանչական բաժնի 4-րդ կուրսում: Քանի որ պատերազմի պատճառով դադարեցվեց դասապրոցեսը, որի մեջ ներառված էր նաև փորձուսուցումը, որոշեցի օգտվել «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի տված հնարավորությունից, որի մասին տեղեկացել եմ համացանցից: Այժմ պրակտիկաս անցնում եմ Մարդու իրավունքների եզդիական կենտրոն ՀԿ-ում: Անչափ գոհ եմ մասնագիտական ինթերնշիփից և շնորհակալ եմ մեզ՝ Արցախցիներիս նման հնարավորություն ընձեռելու համար:

«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը մեկնարկել է 2020թ. փետրվարի 1-ին, որի նպատակն է սիրիահայ, իրաքահայ, արցախահայ և այլ փախստականների, ինչպես նաև տեղացի երիտասարդների կարողությունների զարգացումը, ուսանողական կրթաթոշակների տրամադրումը և մասնագիտական վճարովի պրակտիկայի միջոցով՝ աշխատանքային փորձի ապահովումը: 2020թ. ամբողջ տարվա ընթացքում կազմակերպվել է 60 մասնագիտական պրակտիկա, որի շրջանակում երիտասարդները հնարավորություն ստացան ձեռք բերել մասնագիտական փորձ մինչև 3 ամիս տևողությամբ՝ պետական և մասնավոր սեկտորում: