Վարպետության դասընթաց՝ նվիրված Վանի և Կարինի ասեղնագործ ժանյակագործության հմտություններին

2019 թվականի մայիսի 6-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ում («ՀԱԼԵՊ» ՀԿ) հայկական ասեղնագործ ժանյակի վարպետ Արմինե Աթոյանի գլխավորությամբ սիրիահայ կանայք մասնակցեցին ժանյակագործության դասընթացի և սովորեցին  ասեղի և թելի օգնությամբ չափազանց նուրբ ասեղնագործ ժանյակներ ստեղծելու հմտությունները։

Դասընթացը, որը կազմակերպվել էր «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի ձեռարվեստի հանձնախմբի կողմից, նպատակ ուներ զարգացնելու սիրիահայ կանանց շրջանում ձեռագործ աշխատանքների հմտությունները և խթանելու նրանց տնտեսական ներգրավումը հայաստանյան կյանքում։

Ձեռքի աշխատանքի յուրահատկությունն այն է, որ ամեն մի ասեղնագործող արտահայտում է իր տրամադրությունը և ճաշակը։ Դասընթացի շրջանակներում սիրիահայ կանայք ծանոթացան Վանի և Կարինի ժանյակագործության հմտություններին ու ոճային առանձնահատկություններին, որոնք հետագայում կարող են օգտագործել սեփական ձեռնարկատիրական գործունեությունը ծավալելիս:

Ասեղնագործությունը հնում տարածված է եղել Հայաստանի բոլոր գավառներում և հայաբնակ գրեթե բոլոր շրջաններում, հատկապես Վան-Վասպուրականում, Շիրակ-Կարինում, Սյունիք-Արցախում, Արարատյան երկրում, Կիլիկիայում, Կեսարիայում, Կոստանդնուպոլսում ու Թիֆլիսում: Այսօր հայկական ասեղնագործ ժանյակ գործում են Երևանում, Հայաստանի որոշ մարզկենտրոններում, ինչպես նաև հայկական գաղթօջախներում:

Ցավոք, չեն պահպանվել հայկական ասեղնագործ ժանյակի հնագույն նմուշներ, քանի որ թելերը ժամանակի ընթացքում քայքայվում են, սակայն, յուրացնելով և տարածելով հայկական ժանյակագործական հմտությունները, ասեղնագործության արվեստը փոխանցվելու է սերնդից սերունդ, և այդ կապը հայկական միջավայրում երբեք չի ընդհատվելու։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի ձեռարվեստի հանձնախումբը կազմակերպում է տարատեսակ դասընթացներ, որոնց հիմքում ընկած է կանանց ձեռներեցության զարգացումը, նրանց տնտեսական մասնակցության խթանումը և սոցիալական պայմանների բարելավումը:

Դասընթացներիի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք զանգահարել
010 54 53 69 հեռախոսահամարին։